Մեր ատամների առողջությունը կախված է բերանի խոռոչի ճիշտ հիգիենայից: Մենք չպետք է մոռանանք, որ բերանի խոռոչի հիգիենան չի սահմանափակվում ատամների մաքրմամբ միայն տան պայմաններում: Բերանի խոռոչի կոմպլեքս խնամքը ներառում է անհատական և և պրոֆեսիոնալ խնամք: Հայտնի է, որ ատամները պետք է մաքրել օրը երկու անգամ, ուտելուց հետո: Ատամները պետք է մաքրել խոզանակի ուղղահայաց, կիսաշրջանաձև, ավլող շարժումներով, սկսելով ատամի հիմքից դեպի դուրս, նույնիսկ մաքրել ներքին մակերեսը, կտրող և ծամող մակերեսը: Ատամների մաքրումը պետք է ավարտել լեզուն մաքրելով: Սննդի մնացորդները կուտակվում են լեզվի տակ, պտկիկների արանքում և հիանալի միջավայր են դառնում մանրէների զարգացման համար: Դրանից խուսափելու համար լեզուն պետք է մաքրել հատուկ խոզանակով: Չենք մոռանում նաև ատամնաթելի մասին: Ատամնաթելի օգնությամբ մաքրվում են միջատամնային հատվածները, որտեղ ավելի շատ են կուտակվում ատամնափառը և սննդի մնացորդները:
Պրոֆեսիոնալ հիգիենան նշանակալիորեն տարբերվում է անհատականից: Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան կատարվում է մի քանի մեթոդներով. Ուլտրաձայնով, Air Flow մեթոդով, Vector սարքի օգնությամբ, տարբեր խոզանակներով, ատամի մածուկներով և այլ օժանդակ մեթոդներով: Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան անհրաժեշտության դեպքում կատարվում է տեղային անզգայացմամբ: Ատամների պրոֆեսիոնալ մաքրումը ցանկալի է կատարել կես տարին մեկ անգամ, իսկ ծխող և բերանի խոռոչի անբավարար անհատական հիգիենա ունեցող մարդկանց համար ցուցված է այն կատարել 3-4 ամիսը մեկ անգամ: