Երեխաների առողջության մասին անհրաժեշտ է հոգ տանել հենց ծնված օրվանից: Կաթնատամների հայտնվելու գործընթացը, մշտականներով դրանց հետագա փոխարինումը երեխայի ֆիզիկական զարգացման կարևոր պահերից են:
Երբ են սկսում ծկթել ատամները
Երեխայի մոտ առաջին կաթնատամները սովորաբար սկսում են ի հայտ գալ 6-8-րդ ամիսների ընթացքում: Դրանք վիճակագրական միջին տվյալներ են, և եթե երեխայի մոտ ծկթումը չի համապատասխանում ընդունված ժամկետներին, չարժե խուճապի մատնվել: Յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է` առաջին ատամը կարող է ծկթել 4 ամսականում, կամ՝ տաս ամսականից ավելի ուշ: Դա կապված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մի շարք գործոններց: Օրինակ, կարող են ազդել ջրի որակը, սննդի բնույթը (կրծքի կամ արհեստական), այն կլիմայական պայմանները, որոնցում երեխան ապրում է: Սովորաբար տաք կլիմայանական պայմաններում փոքրիկների մոտ ատամներն ավելի վաղ են հայտնվում, չնայած սա ևս ճշգրտված օրինաչափություն չէ:
Ատամների հայտնվելու ժամկետների վրա կարող է ազդել նաև ժառանգական նախատրամադրվածությունը: Եթե երեխայի պապիկը կամ տատիկը վեց ամսականում արդեն մի քանի ատամներ են ունեցել, լրովին հավանական է, որ թոռնիկի առաջին ատամներն ընդունված ժամկետներից ավելի շուտ հայտնվեն:
Պակաս կարևոր չէ հղիության ընթացքում մոր առողջությունը. ինչպես է սնվել, ինչքանով է ստացել վիտամինների ու միկրոտարրերի օրգանիզմին անհրաժեշտ քանակությունը: Ահա թե ինչու հղիության ընթացքում հատկապես կարևոր է հավասարակշռված սննդակարգին հետևելը. չէ՞ որ ատամնասաղմերը երեխայի օրգանիզմում հայտնվում են նրա ծնվելուց շատ ավելի վաղ՝ ապագա մոր հղիության երրորդ-չորրորդ ամիսներին: Նրա սննդի լիարժեքությունից է կախված երեխայի առողջությունը, բոլոր օրգան-համակարգերի, այդ թվում նաև ատամների ճիշտ զարգացումը:
Ապագա մայրը պետք է հրաժարվի հղիության ընթացքում տետրացիկլինի ընդունումից, քանի որ այն՝ կապվելով կալցիումի հետ, ատամները «ներկում է» կանաչավուն կամ շագանակագույն երանգով: Այդ իսկ պատճառով մինչև 13-14 տարեկան երեխաներին, քանի դեռ նրանց ատամներն ամբողջությամբ չեն ձևավորվել, պետք է խուսափել տետրացիկլինի նշանակումից:
Կաթնատամների դուրս գալու հաջորդականությունը
Երեխան 2,5-3 տարեկանում պետք է արդեն ունենա 20 կաթնատամներից բաղկացած ամբողջական հավաքածու: Միջինը վեց ամսականում երեխայի մոտ հայտնվում են առաջին երկու ստորին, իսկ մեկ ամիս անց՝ վերին երկու ատամները: Այս շրջանում երեխաներն առավելապես անուշիկ են՝ չորս կտրիչներով նրանք ծիծաղելի ճագարիկների են նման, հատկապես, երբ ժպտում են:
Մեկ տարեկանում երեխային կարելի է արժանի ատամնավոր կոչել: Նա կարող է պարծենալ իր ութ ատամներով՝ չորսական ստորին և վերին կտրիչներով: Մեկից մինչև մեկուկես տարեկան ընկած ժամանակահատվածում երեխայի մոտ ևս չորս ատամներ են հայտնվում՝ նրա առաջին արմատավոր ատամները (մոլյարներ) 2-ական վերևից և ներքևից: Մեկ-երկու ամիս անց հայտնվում են ժանիքները՝ երկուսը վերևից և երկուսը ներքևից: Կաթնատամների հայտնվելն ավարտում են երկրորդ մոլյարները՝ 2-ական վերևից և ներքևից. սա տեղի է ունենում երեխայի 2-3 տարեկան հասակում:
Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ սրանք միջին վիճակագրական տվյալներ են, որոնցով կարելի է ընդամենը կողմնորոշվել: Երեխաների մոտ ատամների ծկթման ժամանակահատվածների շեղումներ կարող են նկատվել, ինչն անոմալիա չի համարվում: Ատամների վաղ կամ ուշ ծկթելը ոչ մի կերպ չեն ազդում դրանց որակի վրա:
Կաթնատամները խիտ-խիտ են դասավորված, դրանց միջև ճեղքերը բացակայում են: Սակայն կաթնատամները մշտականներով փոխելու ժամանակին մոտեցմանը զուգընթաց` ատամներն աստիճանաբար հեռանում են միմյանցից: Բնության կողմից ամեն ինչ մանրամասն մտածված է. այլ կերպ, հիմնական ատամները, որոնք կաթնատամներից խոշոր են, ուղղակի ազատված տեղում չեն տեղավորվի և ծուռ կաճեն:
Ատամների ծկթելու յուրահատկությունները երեխայի մոտ
Երեխայի մոտ առաջին ատամը կարող է հայտնվել նաև միայնակ, ինչպես և կարող է այլ զույգ ատամի հետ ծկթել: Այսպիսի պատկեր կարող է դիտվել նաև հաջորդ ատամների ծկթման ժամանակ: Երբեմն չորս ատամներ հայտնվում են միաժամանակ: Սա շեղում չէ, ատամների զանգվածային հայտնվելն ազդում է միայն դրա (հայտնվելու) ժամկետների վրա:
Կան դեպքեր, երբ փոխվում է ատամների հայտնվելու հաջորդականությունը: Օրինակ, ժանիքները կարող են ավելի շուտ ծկթել, քան առաջին մոլյարները: Սա զարգացման խախտում չի համարվում, ուղղակի բնությունը որոշել է մի փոքր «չարաճճիություն» անել, ինչն արտահայտվում է երեխայի ատամների հայտնվելու յուրահատկություններով:
Նախկինում կար ենթադրություն, որ երեխաների մոտ ատամների ուշացած ծկթման պատճառ է ռախիտ հիվանդությունը: Սակայն բազմաթիվ հետազոտություններից հետո գիտնականներն այն եզրակացության եկան, որ տվյալ ենթադրությունը սխալմունք է, և կաթնատամների ուշ ծկթում հնարավոր է նաև առողջ ու նորմալ զարգացող շատ երեխաների մոտ:
Այն ժամանակը, երբ երբ հայտնվում են ատամները, յուրահատուկ է և նորմալ տվյալ երեխայի համար: Դա վերաբերվում է և´ կաթնատամներին, և´ մշտական ատամներին, և´ իմաստության ատամներին:
Պետք է անհանգստանալ այն դեպքում, երբ մինչև մեկ տարեկան երեխայի մոտ ոչ մի ատամ չի ծկթում: Այս դեպքում անհրաժեշտ է տագնապել և ենթադրել, որ ատամների հայտնվելու այսպիսի ակնհայտ ուշացման պատճառները կարող են ինչ-որ թաքնված հիվանդություններ լինել, այդ թվում և՝ ռախիտը:
Ատամների հայտնվելու նշաններն ու ախտանիշները
Ինչպե°ս իմանալ, որ երեխայի մոտ սկսվում է ատամների ծկթման գործընթացը: Վեց ամսականին մոտ կարելի է ստուգել երեխայի լնդերի վիճակը: Եթե ատամները շուտով պետք է հայտնվեն, ապա լդները կլինեն կարմրած և թեթևակի ուռած: Սա բացատրվում է բերանի լորձաթաղանթի այս հատվածի արտահայտված արյան շրջանառությամբ:
Նախքան առաջին ատամների ծկթելը՝ մեկ-երկու շաբաթ առաջ, երեխայի մոտ ի հայտ են գալիս անհանգստության նշաններ, որոնք արտահայտվում են հաճախակի չպատճառաբանված լացով, լնդերը բռունցքներով տրորելով, ձեռքն ընկած իրը դեպի բերանը տանելով և կրծոտելով: Այս ընթացքում ատամները շարժվում են լնդերի միջով և տեղիէ ունենում նյարդային վերջույթների մեխանիկական գրգռում. արդյունքում լնդերը սկսում են ցավել և քոր գալ: Ուժեղանում է թքարտադրությունը, ինչի դեմ երեխան ինքնուրույն պայքարել չի կարող, քանի որ անկարող է բերանում առաջացող թքի քանակությունը կարգավորված կուլ տալ, իսկ հոսող թուքը չմաքրելու պարագայում այն կարող է հանգեցնել երեխայի մաշկի գրգռվածության ու բերանի շրջակայքում մանր բշտիկների կամ կարմրածության հայտնվելուն:
Երեխայի մոտ կարող է առաջանալ նաև քթահոսություն, քանի որ ծկթման գործընթացը խթանում է քթի խոռոչի լորձաթաղանթի գեղձերի աշխատանքը: Քթային արտադրուքը լինում է ջրային՝ հոսուն և թափանցիկ: Այսպիսի քթահոսությունը երեք-չորս օրից ավելի չի տևում: Այն բուժում չի պահանջում, անհրաժեշտ է միայն երեխայի քիթը լորձից մեխանիկորեն մաքրել:
Նյարդային համակարգի ընդհանուր ճանապարհներ ունեցող ցավը կարող է անցնել նաև ականջներին. այդ պատճառով է, որ երեխան սկսում է քորել կամ քաշել իր ականջները: Այդպես նա փորձում է քորն ու ցավային զգացողությունները նվազեցնել: Կերակրելու ընթացքում երեխան դառնում է անհանգիստ, փորձում է խուսափել սննդով գդալից, ընկնում է ախորժակը: Չարժե նրան ուժով կերակրել, ավելի լավ է շատ հեղուկ տալ:
Երեխայի ատամի ծկթման ավարտին դրա հետ կապված բոլոր ախտանիշները պետք է ինքնուրույն անհետանան: Չարժե ձեռքերով երեխայի բերանի մեջ մտնել՝ իմանալու, արդյո՞ք ատամը դուրս է եկել, թե՞ ոչ. այդպես հեշտությամբ կարելի է վարակ ներմուծել, ավելի լավ է զննել այն հորանջելու կամ ծիծաղելու ժամանակ: Հայտնված ատամը կարելի է նաև պատահաբար նկատել, կամ տեղեկանալ՝ գդալով երեխային կերակրելու ժամանակ բնորոշ ձայն լսելով:
Ատամների հայտնվելու ժամանակ առաջացած լուծն ու ջերմությունը
Ատամների ծկթելու ֆոնի վրա երեխայի մոտ կարող է լուծ սկսվել: Առավել հաճախ այն սկսվում է երեխայի սովորական սննդակարգի փոփոխման և աղիների միկրոֆլորայի խախտման հետևանքով: Մայրը, փորձելով հանգստացնել երեխային ու նվազեցնել նրա տանջանքները, սկսում է հաճախակի կերակրել, փորձել նոր սնունդ տալ, իսկ երեխան իր հերթին քորը նվազեցնել ցանկանալով, շրջապատող բոլոր առարկաները բերանն է տանում: Արդյունքում «ձեռք բերված» լուծը, որպես կանոն, երկու օրից ավելի չի տևում, ունենում է ջրային տեսք, օվա ընթացքում հաճախականությունը չի գերազանցում երեք անգամը:
Առաջին կամ հերթական ատամի ծկթման ընթացքում երեխայի մոտ բարձր ջերմությունը հազվադեպ երևույթ չէ, սակայն չի գերազանցում 380C-ը: Եթե ջերմությունը 38,50C-390C կամ ավելի բարձր է, ապահովության համար ավելի լավ է բժիշկ կանչել, քանի որ այն կարող է այլ հիվանդագին վիճակների, օրինակ, աղիքային վարակի ախտանիշների արտահայտություն լինել, հատկապես, եթե ջերմությունն ուղեկցվում է ատամի ծկթումից հետո շարունակվող լուծով:
Ատամների ծկթման գործընթացը ոչ միշտ է անցավ. երեխան դառնում է անհանգիստ, հաճախ է լաց լինում, նման դեպքերում պետք չէ վախենալ նրան երես տալուց, այս պարագայում նա գուրգուրանքի և շոյանքի կարիք ունի:
Մի քանի այլ միջոցներ էլ կան, որոնք կարող են օգնել երեխային.
- Անհրաժեշտ է պլաստիկե կամ ռետինե օղակներ և խաղալիքներ ձեռք բերել, որոնցով երեխան կարող է քորել իր լնդերը: Հատկապես հանգստացնող ազդեցություն ունեն հեղուկով լցված օղակները, որոնք մինչև երեխային տալն անհրաժեշտ է սառեցնել, օրինակ, սառնարանում դնելով:
- Հանգստացնող գելի օգտագործում. նմանատիպ գրեթե բոլոր միջոցները քիչ քանակությամբ անզգայացնող և ցավազրկող նյութեր են պարունակում, օրինակ, լիդոկային և լցանյութեր (մենթոլ՝ լնդերը սառեցնելու նպատակով, համ տվող հավելումներ, տտպող նյութեր): Դրանք բոլորն էլ զերծ են կողմնակի ազդեցություններից, կլինիկական հետազոտություններ են անցել և արժանացել են մանկաբույժների հավանությանը: Դրանցից են՝ Կալգելը, Մունդիզալը, Դենտինոքսը և այլն: Այս դեղերն ընդունման խիստ որոշակի կարգ չունեն, դրանք լնդերին քսում են, երբ վերջիններս ցավում են և երեխան անհանգիստ է: Առանց անհրաժեշտության կամ կանխարգելման նպատակով չարժե գելերն օգտագործել: Սովորաբար երեխայի լնդերին քսում են օրական 3-4 անգամ և երեք օրից ոչ ավելի: Եթե երեխան լիդոկայինի նկատմամբ ալերգիա ունի, կարելի է օգտագործել Դոկտոր Բեյբի գելը, ինչն ալերգիկ երեխաների համար է նախատեսված:
- Երեխայի լնդերը կարելի է մերսել ցուցամատով ՝ այն նախորոք մաքուր թանզիվե տամպոնով փաթաթելով: Մերսումից առաջ անհրաժեշտ է տամպոնը թրջել սառը ջրում և քամել: Եթե թանզիվե տամպոնի հետ գործողություններ իրականացնելու ժամանակ չունեք, կարելի է նման դեպքերի համար նախատեսված մերսման հատուկ խոզանակ գնել. այն հագցնում են մատի վրա: Որոշ երեխաների օգնում է սառը գդալը ծծելը:
Հասուն մարդու թքում պարունակվող միկրոօրգանիզմները երեխայի օրգանիզմ չներմուծելու նպատակով հարկավոր է խուսափել մայրերի ծծակները լպստելու սովորությունից և երեխայի գդալից սնունդը փորձելուց:
Որպեսզի անընդհատ հոսող թուքը չգրգռի երեխայի մաշկը, անհրաժեշտ է այն մաքրել մաքուր անձեռոցիկով կամ սրբիչով: Երեխայի նուրբ մաշկը չվնասելու համար նպատակահարմար է թուքը ոչ թե մաքրել, այլ խոնավեցնել: Երբ երեխան քնած է, ուժեղ թքարտադրության դեպքում նրա կոկորդի տակ կարելի է կտորից անձեռոցիկ դնել: Այս դեպքում անկողինը հաճախ փոխելու անհրաժեշտություն չի լինի:
Ինչպես օգնել երեխային