Գինգիվիտ

Ի՞նչ է գինգիվիտը: ↓

Գրականությունում կարող եք գտնել հետևյալ բնորոշումը. գինգիվիտը հարատամնային հյուսվածքի (պարօդոնտի)
բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տեղային և ընդհանուր գործոնների ազդեցության պատճառով և ընթանում է
առանց խաթարելու ատամնալնդային ամբողջությունը:
Գինգիվիտը լինում է մի քանի տեսակի՝ կատառային,հիպերտրոֆիկ, խոցային-նեկրոտիկ:
Կատառային գինգիվիտ
Ամենատարածվածը կատառային գինգիվիտն է, այս դեպքում դիտվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան
այտուցվածություն, բնորոշ է ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայությունը: Պացիենտը ինքը կարող
է ատամները մաքրելիս նկատել լնդերի բորբոքումը և արյունահոսությունը:
Հիպերտրոֆիկ գինգիվիտ
Գինգիվիտի երկրորդ տեսակը` հիպերտրոֆիկ գինգիվիտը կատառայինից հազվադեպ է հանդիպում: Հիպերտրոֆիկ
գինգիվիտը շատ հաճախ առաջանում է օրգանիզմում էնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա: Լինում են հղիների
գինգիվիտ, դեռահասային, շաքարախտային: Հիվանդության բնորոշ առանձնահատկությունն ատամնալնդային պտկիկների
չափերի մեծացումն է: Այստեղից էլ անվանումը` հիպերտրոֆիկ գինգիվիտ:
Բացի դրանից, լնդերը կարող են լինել մուգ կարմրա- կապտավուն երանգի: Արձանագրվում է արյունահոսություն,
թարախահոսություն, բերանի տհաճ հոտ, կեղծ-պաթոլոգիկ գրպանիկների ձևավորում, ինչպես
նաև` ատամնափառ և ատամնաքարեր:
Խոցա-նեկրոտիկ գինգիվիտ
Գինգիվիտի այս տեսակը զարգանում է, այսպես կոչված, <Վենսանի խոցա-նեկրոտիկ ստոմատիտի> ֆոնի վրա և դրա
կլինիկական դրսևորումն է հանդիսանում: Բերանի խոռոչում լինում է լորձաթաղանթի բորբոքում, որն ընթանում է
միջատամնային պտկիկների նեկրոզով, արյունահոսություն, բերանի տհաճ հոտ: Հաճախ դրսևորվում է գրիպի, անգինայի,
ՍՇՀ-ի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեպքում և այլն:
Գինգիվիտի բուժումը
Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` բերանի խոռոչի պրոֆեսիոնալ
մաքրումից մինչև վիրահատական միջամտություն:

Պարօդոնտիտ

Պարօդոնտիտը հարատամնային հյուսվածքի բորբոքային հիվանդությունն է: ժամանակակից ստոմատոլոգիան հաջողությամբ
պայքարում է պարօդոնտիտի հետևանքների դեմ շնոհիվ ախտորոշման և բուժման նոր մեթոդների: Որքան վաղ է
ախտորոշվում հիվանդությունը, այնքան հեշտ է լինում այն բուժելը և վիրահատական միջամտության անհրաժեշտություն
չի առաջանում: 
Ախտորոշման համար միայն բժշկի զննումը բավարար չէ, այդ պատճառով էլ ամեն մի պացիենտ կլինիկայում պարօդոնտի
հյուսվածքների մանրամասն հետազոտությունների է ենթարկվում` պարօդոնտիտի դրսևորումը վաղ փուլում
հայտնաբերելու համար:
Ատամնափառի կուտակման արդյունքում, լնդերի եզրերի հատվածում բորբոքային ախտընթաց է զարգանում` գինգիվիտ: 2-
3 շաբաթվա ընթացքում ատամնափառի հետագա կուտակման արդյունքում այն թափանցում է լնդերի տակ, քայքայելով
ատամնալնդային ամրությունը: 
Գինգիվիտը բուժելի հիվանդություն է:  Ատամնափառը և ատամնաքարերը մաքրելուց և բուժման
կուրսից հետո այն ապաքինվում է: Իսկ բերանի խոռոչի հիգիենայի խնամքով պահպանման դեպքում առողջական վիճակը կլինի կայուն: 
Բայց, եթե անտեսվի բերանի խոռոչի հիգիենիկ խնամքը և կուտակվեն ատամնափառը և ատամնաքարերը , ապա բորբոքումը
կտարածվի դեպի ոսկրային և շարակցական հյուսվածքներ, և պարօդոնտիտ կզարգանա, որը պարօդոնտում անդառնալի
փոփոխություններ կառաջացնի: Պարօդոնտիտի արդյունավետ բուժման համար անհրաժեշտ են համալիր
հետազոտություններ, որոնց հիման վրա պլանավորվում է լնդերի բորբոքային ախտընթացի փուլային բուժումը և
առողջության վերականգնումը:

Պարոդոնտոզ

Պարոդոնտոզը պարօդոնտի դեստրուկտիվ հիվանդությունն է: Զարգանում է դիստրոֆիկ փոփոխությունների
հետևանքով: Տարբերակում են հիվանդության ծանրության երեք աստիճան՝ թեթև, միջին, ծանր: Ըստ տարածվածության, պարոդոնտոզը գեներալիզացված բնույթ ունի, որը նշանակում է, որ այն ընդգրկում է ողջ ծնոտն անմիջապես, ոչ թե որոշակի հատված ու մի քանի ատամ: Պարոդոնտոզով մարդիկ բողոքում են ատամների վզիկների և արմատների մերկացումից, որի հետևանքով կարող է առաջանալ հիպերեսթեզիա (ատամների գերզգայունություն): Լնդերը, որպես կանոն, բորոբոքված չեն լինում, բաց-վարդագույն են դառնում, առանց թարախային արտադրության, որը լինում է պարօդոնտիտի դեպքում: Պարոդոնտոզի ժամանակ պաթոլոգիկ գրպանիկներ չեն զարգանում, չնայած մերկացած արմատներին, ատամները երկար ժամանակ պինդ են մնում, չեն շարժվում, միայն հիվանդության ծանր փուլի դեպքում ատամները կարող են շարժվել և թափվել:  Պարօդոնտոզի պատճառները մինչև վերջ պարզված չեն: Բայց նախատրամադրող գործոններ են հանդիսանում ժառանգականությունը, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, ինչպես նաև, ատամների շրջակա հյուսվածքների սնուցման խանգարումը, կապված այդ հատվածների արյան մատակարարման առանձնահատկությունների հետ: Պարոդոնտոզի բուժումը պետք է լինի գրագետ և, գլխավորը, ժամանակին, պարտադիր պետք է հաշվի առնել պացիենտի անհատական առանձնահատկությունները, միայն այդ դեպքում կարելի է ստանալ ցանկալի, որակյալ արդյունքը:

Լնդերի բուժում

Լնդերի բորբոքումը կարող է դրսևորվել գինգիվիտի և պարօդոնտիտի ձևով: Լնդերի բորբոքման առաջին ախտանշանն
ատամները մաքրելիս արյունահոսությունն է: Լնդերի արտաքին տեսքն էլ կարող է վկայել բորբոքման առկայության մասին:
Նորմայում այն պետք է լինի բաց վարդագույն: Եթե լնդերը կարմրած են և այտուցված, ապա փաստ է, որ բորբոքված են: 
Լնդերի բորբոքային հիվանդությունները սովորաբար սկսվում են միջատամնային լնդային պտկիկների բորբոքումից:
Ատամները մաքրելիս հենց դրանք են սկսում արյունահոսել և վառ կարմիր գույն ունեն: Եթե առողջարար ոչ մի
բուժգործողություն չկատարվի, ապա բորբոքումը կտարածվի ողջ լնդերի և ոսկրերի վրա: Եվս մեկ հանգամանք, ժամանակին
ստոմատոլոգի հետ չխորհրդակցելու դեպքում, արդեն հարկ կլինի բուժել ոչ թե գինգիվիտը, այլ պարօդոնտիտը: Ըստ
բորբոքման աստիճանի ընտրվում են բուժման մեթոդները: Իսկ հիվանդության ձևն ու ծանրության աստիճանը ճիշտ
ախտորոշել կարող է միայն ստոմատոլոգը հետազոտությունների հատուկ մեթոդներով և դրանց հիման վրա կազմել տվյալ
դեպքի համար արդյունավետ բուժման պլանը: 
Բուժումը կախված է տվյալ ախտընթացի դրսևորումից: Եթե այն կապված է հորմոնային փոփոխությունների հետ, ապա
անհրաժեշտ է առաջին հերթին բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրում կատարել: Երբ հորմոնային ֆոնը կարգավորվում է
վերահիշյալ խնդիրները վերանում են: Իսկ եթե խոսքը լուրջ հիվանդությունների մասին է, ապա, առաջին հերթին, հարկ է
ուշադրություն դարձնել հիմնական հիվանդության վրա: Իսկ եթե գինգիվիտ կամ պարօդոնտիտն է առկա, ապա պետք է
վերացնել պատճառային գործոնը, մաքրել ատամնաքարերն ու ատամնափառը և, անհրաժեշտության դեպքում,
պարօդոնտոլոգիական բուժում անցկացնել: 
Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինչպիսին էլ լինի լնդերի արյունահոսության պատճառը, բերանի
խոռոչի հիգիենան պետք է անհրաժեշտ մակարդակով կատարվի, որպեսզի էլ ավելի չվատանա արդեն առկա վիճակը: