Կաթնատամների բուժում և հիգիենա

Կաթնատամների կարիեսի բուժում

Կարիեսն ատամների ամենատարածված հիվանդությունն է, հատկապես մանկական տարիքում: Այս ժամանակաշրջանում ատամի հյուսվածքի դիմադրողականությունը կարիեսածին գործոնների հանդեպ շատ ցածր է, այդ պատճառով էլ կյանքի այդ ժամանակաշրջանում կարիեսի ակտիվությունը շատ բարձր է: 
Երեխաների մոտ, ինչպես և մեծահասակների, կարիեսի զարգացումը փուլերով է կատարվում, սկզբից բիծ, հետո մակերեսային, միջին և խորը: Առաջին երկու ձևերին նաև սկզբնական փուլ են անվանում:
Կարիեսը բծի ձևով երեխաների ատամներին կարող է լինել շատ վաղ տարիքում` 6-8 ամսականում: Այն առավելապես առանց ախտանիշների ընթացք ունի և հայտնաբերվում է միայն բժշկի կողմից կատարվող կանխարգելիչ զննման դեպքում կամ էլ` ուշադիր մայրիկի: Հենց որ ատամների զննման ժամանակ ատամի մակերեսին անհարթություն է զգացվում, նշանակում է, որ մակերեսային կարիես է զարգանում և էմալին խոռոչ է ձևավորվում: Կարիեսի այս փուլում հնարավոր է պահպանողական բուժում նշանակել, առանց ատամի հյուսվածքի մշակման:  
Միջին կարիես. այս փուլում նույնպես երեխան չի գանգատվում, իսկ կարիեսային խոռոչը բժիշկը հայտնաբերում է կանխարգելիչ զննման ժամանակ, այն  կարող է և շատ փոքր լինել: Երբեմն աննշան ցավեր են լինում քաղցրից, և վերանում են բերանի խոռոչը ողողելիս: Միջին կարիեսն ամենահաճախ հանդիպող ձևն է:
Խորը կարիես. այս ձևի դեպքում հիմնականում քայքայվում է կարիեսային խոռոչը շրջափակող դենտինը: Կաթնատամների խորը կարիես հազվադեպ է հանդիպում, բայց այդ դեպքում էլ երեխան գանգատվում է տաք և սառից ցավի զգացողությունից: Նշանակում է, ախտընթացն արդեն պուլպային է հասել: 
Հիգիենա և կանխարգելում

Ատամները պետք է միշտ մաքուր լինեն, որպեսզի բերանի խոռոչում մանրէներ չզարգանան, ատամի էմալի վրա մուգ բծեր չառաջանան և հնարավոր լինի կանխարգելել կարիեսի վաղ զարգացումը:  
Ատամները պետք է մաքրել օրական երկու անգամ, բայց միշտ չէ, որ ատամի խոզանակով հնարավոր է լինում լավ մաքրել ատամները, այնուամենայնիվ, ատամներին կարող են մնալ սննդի մնացորդներ ու ատամնափառ, հատկապես շատ փոքրիկ երեխաների մոտ, այդ պատճառով էլ անհրաժեշտ է կանոնավոր կերպով ստոմատոլոգի մոտ գնալ պրոֆեսիոնալ հիգիենա կատարելու նպատակով: Մանկական ստոմատոլոգը կսովորեցնի. 
- երեխայի բերանի խոռոչի խնամքը (շատ կարևոր է փոքրիկ պացիենտների համար, քանի որ նրանց ատամները հատուկ խնամքի կարիք ունեն).
- հիգիենայի անհատական միջոցների ընտրություն.
- պրոֆեսիոնալ հիգիենա:
Պրոֆեսիոնալ հիգիենան բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելումն է, որի ընթացքում ատամները մաքրում են բծերից, ատամները բնական սպիտակ երանգն են ստանում, քանի որ ատամնափառն էլ է մաքրվում: 
Պրոֆեսիոնալ հիգիենան անհրաժեշտ է ոչ միայն երեխաներին , այլև մեծահասակներին: 
Պրոֆեսիոնալ հիգիենան կատարվում է մի քանի եղանակով.


-    Air Flow համակարգ – ատամները մաքրվում են ավազաշիթացիր սարքով (հատուկ սարքից շիթով հոսում է ջրի, օդի և հատուկ հղկող փոշու խառնուրդը և  ատամները մաքրվում են նույնիսկ դժվարհասանելի տեղերում ):
-    Հիգիենիկ մաքրում – ատամների փայլեցում կանխարգելիչ մածուկներով և խոզանակներով: 
-    Ուլտրաձայնային մեթոդ -  այս մեթոդով մաքրվում են ատամնաքարերը:

Ատամները մաքրելու սովորություն

 

Երեխայի համար շատ կարևոր է բացատրել ատամները մաքրելու անհրաժեշտությունը, որպեսզի այն սովորություն դառնա:
Երեխային ատամի խոզանակով ատամ մաքրել պետք է սովորեցնել 1-2 տարեկանից: Եվ այդ հարցում երեխայի օգնականը, բնականաբար, ծնողն է, ով սեփական օրինակով պետք է երեխային ցույց տա ամեն ինչ: Երեխան պետք է տեսնի, որ իր հայրիկն ու մայրիկն ամեն օր, առավոտյան և երեկոյան, մաքրում են ատամները: Շատ հաճախ երեխան երեքից մինչև հինգ տարեկանը կանոնավոր և հաճույքով է մաքրում ատամները, իսկ յոթից ինը տարեկանն այն ժամանակահատվածն է, երբ փոքրիկը տարբեր պատճառներով <մոռանում է> մաքրել ատամները: Նրա համար առավել հետաքրքիր գործեր են լինում, համակարգիչ, խաղեր և այլն: Այս դեպքում արդեն պետք է երեխային ընտրության առջև կանգնեցնել` սկզբից կարևոր գործերն ու ատամները մաքրելը, այլապես արգելել զվարճությունները:  
Երբեմն նաև պետք չէ երեխայի խոսքին հավատալ, թե նա մաքրել է ատամները և ստուգել, հետագա տհաճություններից խուսափելու համար: Անհրաժեշտ է երեխային բացատրել, որ օրական երկու անգամ ատամները մաքրելը դա նաև  հարգանք է իր և շրջապատի մարդկանց հանդեպ: 
 
Նախապատրաստել երեխային ստոմատոլոգին առաջին այցին

 

«Արեգակ» կլինիկայի մանկական ստոմատոլոգներն ամեն հնարավորն անում են, որպեսզի երեխաների մոտ ստոմատոլոգին այցը միայն հաճելի լինի, որով պայմանավորված կլինեն նաև նրա հետագա լավ հիշողությունները:
Մանկական ստոմատոլոգի հետ ծանոթությունը պետք է սկսել, երբ փոքրիկը 2-3 տարեկան է, երբ կաթնատամներն արդեն ծկլթել են, և երեխային պետք է ամեն ինչ բացատրել: Եթե այդ տարիքում երեխայի մոտ լուրջ ստոմատոլոգիական խնդիրներ չկան, ապա ստոմատոլոգին առաջին այցելության նպատակը կլինի այն, որ նա պարզապես զննի բերանի խոռոչի վիճակը, ճիշտ են ծկլթել ատամները, խորհուրդներ տա բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ: Բայց նույնիսկ նման այցելությանը պետք է նախապատրաստվել:
Կծվածքի շտկում

 

Հավասար ատամնաշարը գեղեցիկ ժպիտի գաղտնիքներից մեկն է: Բայց միշտ չէ, որ բնությունը կատարյալ հավասար ատամնաշար է պարգևում:  Իսկ սխալ կծվածքը, բացի կոսմետիկական արատներից, կարող է նաև ատամների ու լնդերի ցավերի պատճառ դառնալ: 
Այսօր օրթոդոնտիան առավել պահանջարկ վայելող ստոմատոլոգիական  ծառայություններից է և երեխաների, և մեծահասակների համար: Այն հնարավորություն է ընձեռում կծվածքը շտկել ցանկացած տարիքում: Բայց լավ կլինի այդ խնդրով զբաղվել փոքր տարիքից, որպեսզի երեխայի մոտ մանկուց ձևավորվեն ճիշտ դիմագծերը և ճիշտ արտասանությունը:  
Վերջին մի քանի տարիների ընթացքում օրթոդոնտիան շատ է զարգացել, ստեղծվել են նոր սարքեր, նոր մեթոդներ, բարդ տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս շտկել տարբեր տարիքի պացիենտների կծվածքի տարբեր բարդության թերությունները: