Թերապևտիկ ստոմատոլոգիա

«Արեգակ»  ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկները, ի թիվ այլոց, ախտորոշում և բուժում են իրականացնում ամենաբարդ , պրակտիկայում հազվադեպ հանդիպող դեպքերում ևս: Հաջողության գրավական է հանդիսանում մասնագետների համալիր մոտեցումը, աշխատանքային մեծ փորձը, գիտական հիանալի պատրաստվածությունը և հմտությունները:
Թերապևտիկ ստոմատոլոգիան ամենամեծ պահանջարկ վայելող ոլորտն է, այդ պատճառով  էլ թերապևտ-ստոմատոլոգն առաջնային տեղ է գրավում պացիենտի բերանի խոռոչի խնդիրների համալիր բուժման գործընթացում: Թերապևտիկ բուժումն այն հիմքն է, առանց որի հնարավոր չէ ապահովել բերանի խոռոչի առողջական վիճակը և հետագա բուժգործողությունների որակը: 
«Արեգակ»  ստոմատոլոգիական կլինիկայի թերապևտիկ բաժանմունքում մատուցվող ծառայությունները ներառում են. 
 
• կարիեսի բարդությունների բուժում` պուլպիտ, պերիօդոնտիտ, 
• կոսմետիկական վերականգնում` կոմպոզիտային նյութերի, կերամիկական վինիրների  կիրառմամբ, առջևի ատամների ձևի շտկման, գույնի լավացման նպատակով, 
• ատամների սպիտակեցում, 
• պարօդոնտոլոգիական բուժում, 
• պացիենտի դիսպանսեր հսկողություն` անվճար կանխարգելիչ ստուգում տարին երկու անգամ: 


 
Բոլոր բուժգործողությունները իրականացվում են ըստ բժշկական ցուցումների, կիրառվում են ամենաժամանակակից մեթոդներն ու նյութերը, որոնք հիանալի արդյունք են ապահովում:

Կարիես

Կարիեսը ատամների բավական տարածված հիվանդություն է: Այսօր գրեթե յուրաքանչյուր մարդ կարիեսի և նրա բարդությունների հետ կապված խնդիրներ ունի: Կարիեսը ատամների կարծր հյուսվածքի նեկրոզն և, ամենատհաճն այն է, որ տվյալ ախտընթացն անդարձելի է: Կարիեսի զարգացման հարցում մեծ նշանակություն ունեն արտաքին գործոնները (սնունդ, ատամների հիգիենա), ժառանգականությունը, ինչպես նաև, օրգանիզմի առողջական վիճակն ամբողջությամբ (իմունային, մարսողական համակարգեր և այլն), սխալ սնվելը (սպիտակուցների, վիտամինների, հանքային նյութերի, ֆտորի անբավարարություն), քաղցրի չափից շատ օգտագործումը, ինչպես նաև սթրեսային իրավիճակը:  Եթե, այնուամենայնիվ, կարիեսը զարգացել է, կարևոր է, որքան հնարավոր է, շուտ դիմել ստոմատոլոգին բուժումն սկսելու համար: Այսօր կարիեսի բուժումն ամենևին ցավոտ չէ և կատարվում է անզգայացման օգնությամբ: Հեռացվում են ատամի քայքայված հյուսվածքները, հետո խոռոչը լցվում է գերժամանակակից լուսակարծրացնող կոմպոզիտային պլոմբանյութերով:
Կարիես տերմինը նշանակում է «նեխում»: Կարիեսը զարգանում է հաջորդաբար. սկզբում ատամի էմալի մակերեսին պիգմենտային բիծ է առաջանում (սպիտակ, իսկ հետո նաև դեղին), որը շուտով շագանակագույն է դառնում: Հետո քայքայվում է էմալը, դրանից հետո հերթը հասնում է դենտինին: 
Ստոմատոլոգին ժամանակին դիմելը անհրաժեշտ է ատամի կարիեսի առաջին իսկ ախտանշանների դեպքում, քանի որ որքան ուշանա բուժումը, այնքան մեծ մակերեսով հյուսվածք կվնասվի:Հանձնարարվում է պարբերաբար ատամների պրոֆեսիոնալ մաքրում կատարել, որը հնարավորություն կտա արդյունավետ մաքրել բերանի խոռոչում դժվար հասանելի հատվածները ատամնափառից և ատամնաքարերից, որն էլ կկանխարգելի կարիեսի զարգացումը: 
Ստոմատոլոգները տարբերակում են կարիեսի երկու փուլ.
— վաղ` երբ առաջանում է կարիեսային բիծը (սպիտակ և պիգմենտավորված)
— ուշ` երբ ատամի կարծր հյուսվածքում խոռոչ է ձևավորվում (մակերեսային, միջին և խորանիստ կարիես): Կարիեսն ատամի անատոմիական, ֆունկցիոնալ և էսթետիկ արատների պատճառ է դառնում:
Ւ՞նչ է տեղի ունենում

Փափուկ ատամնափառը ձևավորվում է անմիջապես, ուտելու ընթացքում: Այն պարունակում է սննդի մանրագույն մնացորդներ և հիմնականում բաղկացած է ածխաջրատներից: Եթե ատամը չի մաքրվում, փափուկ ատամնափառը պնդանում է և բավական ամուր կպնում ատամին: Այնտեղ «բնակություն հաստատած» մանրէներն ածխաջրատները թթվանյութ են դարձնում: Ատամի էմալը ձևավորված թթվանյութի ազդեցությամբ փափկում է:

Դա էլ հենց կարիեսի առաջին փուլն է` կարիեսային բիծը: Այս փուլում ատամի վնասման ախտընթացը կարելի է կանգնեցնել:

Կարիեսի երկրորդ փուլում ախտընթացը խորանում է, այն հասնում է դենտինին, էմալի տակ գտնվող հիմնական ատամնահյուսվածքին: Դենտինն ավելի վատ է դիմակայում կարիեսին, քան էմալը, այդ պատճառով էլ ատամի քայքայումն արագանում է և խորանում:

Դա կարիեսի զարգացման միջին փուլն է: Եթե այս փուլում կարիեսը չբուժվի, դենտինի քայքայումը կհանգեցնի խոռոչի ձևավորմանը, այսինքն «ատամը կծակվի»:

Դա արդեն խորանիստ կարիեսն է:

Կարիեսը ճանաչելը բավական հեշտ է, ախտանշաններն են.

  • ատամներին (հատկապես ծամողական մակերեսին) մուգ կետեր են առաջանում,
  • ատամի մակերեսը կոշտանում է,
  • ուտելիս թույլ ատամնացավ է զգացվում, ատամը զգայուն է քաղցրի ու թթվի, տաք ու սառի հանդեպ,
  • կարող է բերանի խոռոչից տհաճ հոտ գալ,
  • ատամի փայտիկով կամ լեզվով կարելի է շոշափել ատամի խոռոչը:  

 

Կարիեսը կարող է խորությամբ վնասել ատամը և հասնել ատամի նուրբ հատվածին` պուլպային, որտեղ գտնվում են նյարդերն ու անոթները, այդ աստիճանի ախտահարումն արդեն ուղեկցվում է սուր ցավով և կոչվում է պուլպիտ: 

Պատճառը

Կարիեսը զարգանում է մանրէների կենսագործունեության արդյունքում, որոնք առկա են ատամնափառի մեջ: Ատամնափառն, իր հերթին, առաջանում է ջերմամշակված սննդից, որի մեջ բարձր է ածխաջրատների պարունակությունը: Եվ դա հենց այն սնունդն է, որը կազմում է ժամանակակից մարդու սննդակարգը: Եվ այսպես, էմալի վրա փափուկ ատամնափառ է գոյանում և ատամի այն հատվածներում, որտեղից այն չի մաքրվում ծամելիս (ատամների կողմնային հատվածներ, ծամող մակերեսի կորություններ) պինդ կպնում է ատամի մակերեսին և ամեն տեսակի մանրէների ու սնկերի կուտակման «վայր» է դառնում: Եթե ատամանափառը ժամանակին չմաքրվի, մանրէները սկսում են արագ բազմանալ: Որքան ավելանում է դրանց քանակը, դրանք այնքան շատ են թթվանյութ արտադրում, որն էլ իր հերթին ատամների էմալից մաքրում է ֆտորը և կալցիումը: Էմալն աստիճանաբար փափկում է, իսկ մանրէներն ավելի ու ավելի խորն են թափանցում ատամի մեջ, վնասելով այն: 

Կարիեսը առաջանում է բոլոր մարդկանց մոտ

Մեծ մասի մոտ կարիեսի հանդեպ դիմադրողականությունը թույլ է, մյուսների մոտ էլ բավական բարձր է:Կարիեսի հանդեպ ատամների կայունությունը պայմանավորված է օրգանիզմի պաշտպանական համակարգով, ուղեկցող հիվանդություններով, շատ մեծ նշանակություն ունի նաև գենետիկ նախատրամադրվածությունը: Սահմանվել է, որ նվազած իմունիտետով մարդկանց մոտ կարիեսն առավել ակտիվ է զարգանում: Կարևոր դեր են խաղում նաև թքի բաղադրակազմն ու հատկությունները: Ատամները կարիեսով ախտահարված մարդկանց մոտ թուքն առավել մածուցիկ է և բաղադրակազմում փոփոխված է հանքային աղերի պարունակության հարաբերակցությունը:

Կարիեսի զարգացման հարցում մեծ նշանակություն ունեն արտաքին գործոնները (սնունդ, ատամների հիգիենա), ժառանգականությունը, ինչպես նաև, օրգանիզմի առողջական վիճակն ամբողջությամբ (իմունային, մարսողական համակարգեր և այլն): Բացի ատամները վատ մաքրելուց, կարիեսի պատճառ կարող է լինել սխալ սնվելը (սպիտակուցների, վիտամինների, հանքային նյութերի, ֆտորի անբավարարություն), քաղցրի չափից շատ օգտագործումը, ինչպես նաև սթրեսային իրավիճակը:

Ախտորոշում և բուժում

Եթե, այնուամենայնիվ, կարիեսը զարգացել է, կարևոր է, որքան հնարավոր է, շուտ դիմել ստոմատոլոգին բուժումն սկսելու համար: Խորանիստ կարիեսի բուժումը համեմատաբար երկարատև է ու բարդ, բացի դրանից, այն կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ:

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկները բուժում են ցանկացած տարիքի պացիենտներին ամենաժամանակակից և անցավ մեթոդներով, նորագույն նյութերով, և վերջին սերնդի ցավազրկող դեղպատրաստուկներով: Բացի դրանից, կլինիկայի ստոմատոլոգները պացիենտներին բացատրում են կարիեսի կանխարգելման եղանակները, բերանի խոռոչի ճիշտ խնամքը, հիգիենիկ միջոցների ընտրությունը, որոնք կօգնեն կանխարգելել կարիեսը:

Այսօր կարիեսի բուժումն ամենևին ցավոտ չէ և կատարվում է անզգայացման օգնությամբ: Հեռացվում են ատամի քայքայված հյուսվածքները, հետո խոռոչը լցվում է գերժամանակակից լուսակարծրացնող կոմպոզիտային պլոմբանյութերով: Ստոմատոլոգին ժամանակին դիմելը անհրաժեշտ է ատամի կարիեսի առաջին իսկ ախտանշանների դեպքում, քանի որ որքան ուշանա բուժումը, այնքան մեծ մակերեսով հյուսվածք կվնասվի:

Հանձնարարվում է պարբերաբար ատամների պրոֆեսիոնալ մաքրում կատարել, որը հնարավորություն կտա արդյունավետ մաքրել բերանի խոռոչում դժվար հասանելի հատվածները ատամնափառից և ատամնաքարերից, որն էլ կկանխարգելի կարիեսի զարգացումը:


Մակերեսային կարիես. վնասված է ատամի էմալը կամ էլ ընկել է ոչ մեծ պլոմբը, կամ էլ ատամի մեջ փոքրիկ խոռոչ կա: Ատամի բուժումը, վերացնելով էմալի արատը, անատոմիական ձևի, գույնի և ծամողական ֆունկցիայի վերականգնումն է:

Միջին կարիես. վնասված է ատամի կարծր հյուսվածքի ½ հատվածը (էմալի և դենտինի): Դա կարող է հայտնաբերվել պլոմբի ընկնելուց հետո կամ, երբ բժիշկը մշակում է ատամը և փոքրիկ խոռոչի հետևում միջին խորության կարիեսային հատված է հայտնաբերվում: Ատամի բուժումը կատարվում է էմալի և դենտինի արատի վերացման ուղղությամբ, պլոմբանյութի օգնությամբ, կատարվում է ատամի անատոմիական ձևի և ծամողական ֆունկցիայի վերականգնում:

Խորանիստ կարիես. քայքայված է ատամի կարծր հյուսվածքի ½ մասից ավելին (էմալի և դենտինի), բայց դեռ նյարդը ախտահարված չէ: Բուժումը կատարվում է պլոմբանյութով էմալի և դենտինի արատի վերացմամբ (կիրառվում են դեղամիջոցներ, որոնք նպաստում են դենտինի ձևավորմանը), վերականգնվում է ատամի ձևը, գույնը և ծամողական ֆունկցիան:

Եթե կարիեսի բուժման ժամանակ հայտնաբերվում է ատամի ներքին հյուսվածքների նշանակալի քայքայում, երբ արդեն վերականգնումը հնարավոր չէ, ապա արդեն կամ պրոթեզավորման կարիք է զգացվում, այնուհետև ներդրուկ կամ ատամնապսակ տեղադրելով, կամ էլ (բացառիկ դեպքերում) ատամի հեռացում:

Երկրորդային կարիես

Քանի որ ատամի հյուսվածքները չեն վերականգնվում, կարիեսի բուժումը կատարվում է վնասված հյուսվածքները հեռացնելով և ստեղծված արատը հատուկ պլոմբանյութով վերացնելով, կամ էլ, այսպես կոչված, կերամիկական ներդրուկ տեղադրելով: Բոլոր արհեստական նյութերի խնդիրն է ոչ միայն թաքցնել արատը, այլև փոխհատուցել հյուսվածքի կորցրած ծավալը, ինչպես նաև ատամի անատոմիական ձևի վերականգնումը, ֆունկցիոնալ խնդիրները լիարժեք վերականգնելու նպատակով: Եթե հյուսվածքի արատը նշանակալի է, ապա խորհուրդ է տրվում ոչ թե լիցքանյութ օգտագործել, այլ կերամիկական ներդրուկ տեղադրել, քանի որ այն առավել հուսալի և ամուր է, ատամի ծամողական ծանրաբեռնվածությունը հավասարաչափ տեղաբաշխելու շնորհիվ:

Երկրորդային կարիես նշանակում է թերապևտիկ բուժումից հետո կարիեսային ախտընթացի կրկնում: Դրա պատճառները կարող են մի քանիսը լինել: Եթե ինֆեկցված հյուսվածքները լրիվ չեն հեռացվել, ապա ախտընթացը կարող է զարգանալ նաև պլոմբանյութի տակ: Այս կամ այն նյութի սխալ օգտագործումը, ինչպես նաև, պլոմբանյութը տեղադրելիս կանոնները չպահպանելը կարող են երկրորդային կարիեսի զարգացման պատճառ լինել: Երկրորդ պատճառը կարող է անորակ նյութը լինել, որը չդիմանալով հերմետիզացիային կարող է երկրորդային կարիես առաջացնել: Իսկ երրորդ պատճառը բերանի խոռոչի անձնական հիգիենայի կանոնները չպահպանելն է, որը նույնպես ատամի առողջ հյուսվածքների երկրորդական կարիես կարող է հրահրել:

Շատերը կարծում են, թե դեպուլպացիայի ենթարկված ատամներում կարիես չի առաջանում և շատ են զարմանում, իմանալով, որ հենց այդ ատամներում է զարգացել կարիեսային ախտընթացը: Քանի որ կարիեսը (առաջնային և երկրորդային) նեկրոզային ախտընթաց է, որը քայքայում է ատամի կարծր հյուսվածքը, իսկ նյարդի առկայությունն այս ախտընթացում ոչ մի դեր չի խաղում:

Կարիեսի կանխարգելումը

Կարիեսը ատամների բավական տարածված հիվանդություն է: Այսօր գրեթե յուրաքանչյուր մարդ կարիեսի և նրա բարդությունների հետ կապված խնդիրներ ունի: Ինչպես արդեն նշեցինք, կարիեսը ատամների կարծր հյուսվածքի նեկրոզն է: Եվ, ամենատհաճն այն է, որ տվյալ ախտընթացն անդարձելի է:

Այլ խոսքով ասած, այն կարելի է կանգնեցնել, բայց ատամի կորցրած հյուսվածքը վերականգնել արդեն հնարավոր չէ, քանի որ ատամի հյուսվածքները չեն վերականգնվում:

Եվ խելամիտ կլինի չսպասել, որ կարիես զարգանա, այլ կանխարգելել այն: Հատկապես արդյունավետ է կարիեսի կանխարգելումը երեխաների մոտ, մասնավորապես ատամների ֆիսսուրաների (ճաքերի) հերմետիզացումը:

Կարիեսի զարգացումը կանխարգելելու համար կարևոր է. Կարիեսի զարգացումը կանխարգելել

— ճիշտ սնվել: Սննդաբաժնում պետք է գերակշռեն թարմ միրգն ու բանջարեղենը: Պետք է սահմանափակել հրուշակեղենն ու քաղցրեղենը.
— առավոտյան և երեկոյան ատամները մաքրել ոչ պակաս 2 -3 րոպե, ճիշտ ընտրված ատամի մածուկի և խոզանակի օգնությամբ.

— ժամանակին կատարել բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենիկ մաքրում.

— տարեկան երկու անգամ այցելել ստոմատոլոգին կանխարգելիչ ստուգումների նպատակով:

Գոյություն ունեն կանխարգելիչ միջոցառումներ, որոնք պետք է սկսել պտղի դեռ ներարգանդային զարգացման փուլում, քանի որ հենց այդ ժամանակ է ատամների ձևավորման հիմքը դրվում: Ապագա մայրիկի կենսակերպը, վնասակար սովորությունները ուղղակիորեն անդրադառնում են երեխայի ատամների որակի վրա:

Փոքրիկի ծնվելուց հետո շատ կարևոր է նաև նրա սնուցումը` կրծքով կերակրելը, ժամանակին և բավարար քանակով վիտամիններ և հանքային նյութեր տալը (խիստ հետևողական պետք է լինել, չափաքանակը չգերազանցելու համար), երեխայի վնասակար սովորությունները վերացնելը (մատը ծծելը, բերանով շնչելը, գրիչը կամ մատիտը կրծելը և այլն): Այս ամենը միացնելով, կարող ենք ասել, որ կարիեսի կանխարգելման առաջին կետը պետք է լինի ապագա ծնողներին բացատրելը կարիեսի առաջացման պատճառների և վտանգավոր հետևանքների մասին:

Երկրորդ կետն արդեն բերանի խոռոչի անձնական հիգիենան է, որով պետք է զբաղվել անմիջապես, առաջին կաթնատամների դուրս գալուն պես: Բնականաբար, դա սկզբում մայրիկն է անում, իսկ հետո փոքրիկին կամաց-կամաց սովորեցնում է ինքնուրույն մաքրել ատամները, իհարկե, հսկելով նրա գործողությունները:

Մեխանիկական եղանակով մաքրելով ատամնափառը, մենք բացառում ենք կարիեսի առաջացման ռիսկը: Բայց եթե ախտընթացը արդեն կա, ապա միայն ատամները մաքրելը չի օգնի:

Այս պատճառով է, որ առաջանում է կարիեսի կանխարգելման երրորդ կետը, որը բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան է և ստոմատոլոգի կանխարգելիչ զննումը:

Պուլպիտ

Ատամի ներսում տեղակայված է փափուկ հյուսվածքը (պուլպան), որտեղ գտնվում են արյունատար անոթները, ավշային հանգույցները, ինչպես նաև նյարդաթելերը: Պուլպիտը ատամի այդ փափուկ հյուսվածքի բորբոքումն է (նյարդի բորբոքում), որն առաջանում է այնտեղ թափանցած ախտածին մանրէների պատճառով: Բերանի խոռոչում գտնվող մանրէները քաղցր սնունդից թթվահյութ են արտադրում, որը քայքայում է ատամի էմալը, առաջացնելով կարիես: Բարդացած կարիեսի ժամանակ ատամի մեջ են թափանցում միկրոօրգանիզմները, որի պատճառով պուլպան բորբոքվում է: Առաջանում է ցավ, որը փոխանցվում է դեպի եռվորյակ նյարդ, որի պատճառով էլ ցավն արձագանքվում է քունքերում, ծոծրակում, ականջում, ողջ դեմքով մեկ: Մանրէները կարող են ատամի մեջ թափանցել նաև պարօդոնտի ախտահարման պատճառով: Նյարդի բորբոքումը բնորոշվում է շատ ուժեղ ցավով, ատամը զգայուն է դառնում ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, ցավն հաճախ ուժեղանում է գիշերը: Հաճախ պուլպիտը կարիեսի բարդությունից է լինում, երբ ատամն այնքան է քայքայվում, որ ինֆեկցիան հասնում է մինչև ատամի արմատ և ախտահարում է նյարդը: Երբեմն պուլպիտ կարող է զարգանալ բժշկի սխալ գործողություններից (անորակ կատարված պլոմբ, պարօդոնտի վիրահատություն, քիմիական նյութերի ազդեցություն): Պուլպիտը կարող է նաև ատամի վնասվածքի հետևանք լինել` ատամի կոտրվածք, ատամնապսակի վնասվածք: 
Պուլպիտի ախտորոշումը

Ինչպես նշեցինք, պուլպիտին հատուկ է սուր ցավը, որն ուժեղանում է հատկապես գիշերը, արձագանքելով դեպի ականջ, քունք կամ ըմպան: Առաջին փուլում ցավը հազվադեպ է դրսևորվում և արագ հանդարտվում է, բայց պուլպիտի զարգացման հետ ցավն ավելի ու ավելի հաճախ է լինում: Այն առավել ուժեղ է լինում և պուլսացիա է ունենում, երբ պուլպիտը անցնում է թարախային փուլին:

Տարածուն պուլպիտի դեպքում ցավը կարող է լինել ոչ միայն ախտահարված ատամում, այլև տարածվել ծնոտով և գլխի այն հատվածը, որ կողմում որ գտնվում է ախտահարված ատամը: Ցավի տարածուն լինելու պատճառով, երբեմն հիվանդի համար դժվար է լինում նշել ցավի աղբյուրը, բայց այն կարելի է նաև ինքնուրույն հայտնաբերել, եթե կոնկրետ ատամը արձագանքում է տաքին, սառին և այլ գրգռիչներին: Բնորոշ է այն, որ պուլպիտի ժամանակ գրգռիչի վերացման դեպքում ցավը չի հանդարտվում: Ոչ մի անալգետիկ ու ժողովրդական միջոց չի օգնում, քանի որ պուլպիտի բուժումը կատարվում է միայն ստոմատոլոգիական կլինիկայում:

Պուլպիտի ախտանշանները նման են այլ բորբոքային ախտընթացների նշաններին (մասնավորապես, եռվորյակ նյարդի բորբոքման), այդ պատճառով էլ ճիշտ ախտորշում կարող է կատարել միայն բժիշկը:

Պուլպիտը կարող է ընթանալ և սուր, և քրոնիկական փուլով: Սուր պուլպիտի ախտանշաններն արդեն նկարագրեցինք, իսկ քրոնիկական պուլպիտի ախտանշանները այդքան էլ վառ արտահայտված չեն լինում: Այս դեպքում լինում է տաք ու սառի հանդեպ զգայունակության բարձրացում, պացիենտը գանգատվում է բերանից եկող տհաճ հոտից, իսկ բժշկին այցելելիս` հաճախ հայտնաբերվում է պուլպայի հյուսվածքի աճ: Քրոնիկական պուլպիտի վտանգը այն է, որ այն կարող է պերիօդոնտիտի վերածվել: Քրոնիկական պուլպիտի դեպքում նույնպես կարող են սրացումներ լինել, այս դեպքում դրսևորվում է նոպայաձև ատամնացավ, որն ուժեղանում է ջերմային գրգռիչների ազդեցությունից:

Սակայն քրոնիկական գանգրենոզ պուլպիտի դեպքում, ինչպես և սուր թարախային պուլպիտի, ատամն արձագանքում է միայն տաքին, իսկ սառնությունն, ընդհակառակը, նպաստում է ցավի թուլացմանը:

Եթե պուլպիտը չբուժել, ապա ոսկրային հյուսվածքում կարող է պերիօդոնտիտ զարգանալ կամ էլ թարախային պերիօդոնտիտ, որը կարող է նպաստել ֆլյուսի, աբսցեսի, ֆլեգմոնի վերածվել, նույնիսկ կարող է մահացու ելք արձանագրվել:

Պուլպիտի բուժումը

Պուլպիտի բուժումը, որը կատարվում է վաղ փուլում, հնարավորություն է տալիս պահպանել նյարդը, որն անհրաժեշտ է ատամի սնուցման և նորմալ կենսագործունեության համար, այդ պատճառով էլ պետք է անհապաղ դիմել բժշկի: Այս դեպքում պուլպիտի բուժումը ներառում է կալցիում պարունակող հատուկ պատրաստուկներով բորբոքված պուլպայի վրա ազդումը (կենսաբանական մեթոդ):

Պուլպիտի բուժման ժամանակ նախապես անզգայացում է կատարվում: Ցավոք, շատ պացիենտներ բժշկին շատ ավելի ուշ են դիմում, երբ ցավազրկող հաբերը արդեն չեն կարող անհրաժեշտ ազդեցությունն ապահովել, ախտընթացը բավական զարգացել է և սուր փուլից անցել քրոնիկականին:

Երբ հիվանդը բժշկին շատ ուշ է դիմում, վերջինս, մեծ մասամբ ստիպված է լինում առավել արմատական միջոցներ ձեռք առնել: Սուր բորբոքման փուլում գտնվող պուլպիտի բուժումը նյարդի լրիվ հեռացումն է, որին հաջորդում է էնդօդոնտիկ բուժումը:

Շճային պուլպիտը համապատասխան բուժում է պահանջում` պլոմբի տակ տեղադրվող կալցիում պարունակող նյութ, հակաբիոտիկային թերապիա և այլն: Հնարավոր է նաև պուլպայի մասնակի` նյարդի հեռացում: Սուր թարախային և քրոնիկական պուլպիտների դեպքում դեպուլպացիա է կատարվում և ատամի արմատախողովակում լիցքավորում է կատարվում:

Պուլպիտի կանխարգելման համար հարկ է.

  • մշտապես և կանոնավոր մաքրել ատամները,
  • սահմանափակել քացրեղենը,
  • կես տարին մեկ անգամ այցելել ստոմատոլոգին:

Պերիոդոնտիտ

Պերիօդոնտիտը պերիօդոնտի (ատամի արմատի շրջոսկրի) բորբոքումն է: Այս դեպքում բորբոքման ախտընթացը  զարգանում է ատամի արմատի շրջոսկրի հատվածում: Ախտաբանական փոփոխությունների աստիճանով պայմանավորված տարբերում  են սուր և քրոնիկական պերիօդոնտիտներ, սուր` շճային, թարախային,   քրոնիկական` ֆիբրոզ, գրանուլացիոն և գրանուլեմատոզ տեսակի պերիօդոնտիտներ,  և քրոնիկական պերիօդոնտիտի սրացում:

Պերիօդոնտիտը կարիեսային ախտընթացի ամենավտանգավոր բարդությունն է: Քրոնիկական պերիօդոնտիտի ժամանակ բորբոքումը զարգանում է շատ դանդաղ, կարող է ընթանալ առանց բնորոշ ցավի և, որպես կանոն, սուր ընթացք չի ունենում: Պերիօդոնտիտի քրոնիկական ձևի դեպքում ամեն ինչ թույլ է արտահայտված, բայց կարող է ուղեկցվել այտուցով, լնդերի կարմրությամբ, մարմնի բարձր ջերմաստիճանով, որն արդեն հատուկ է սուր ընթացքին: Պերիօդոնտիտի քրոնիկական ձևը վտանգավոր է նրանով, որ ատամի շուրջբոլորը անարգել զարգացող մանրէները թունավոր նյութեր են արտադրում, որոնք երկար տարիների ընթացքում, ուղղակի իմաստով, թունավորում են մարդու օրգանիզմը, դառնալով սրտի, երիկամների, հոդերի և այլ հիվանդությունների առաջացման պատճառ:

Պերիօդոնտիտի առաջացման պատճառները

Պերիօդոնտիտի պատճառը մեծ մասամբ ինֆեկցիան է լինում, որը կարող է թափանցել պերիօդոնտի հյուսվածք կարիեսային խոռոչով, արմատի խողովակ` լնդային գրպանիկի միջով, կամ էլ արյան միջով (հեմատոգեն ուղի):
Պերիօդոնտիտի առաջացման պատճառ կարող է լինել նաև տրավման կամ էլ դեղորայքի գրգռիչ ազդեցությունը: Այդ դեպքում պերիօդոնտիտն անվանում են տրավմատիկ կամ թունավոր (դեղորայքային): 
Ինֆեկցիայի, թունավոր նյութերի, դեղպատրաստուկների  գրգռիչ ազդեցության հետևանքով կամ տրավմաների ազդեցությունից  պերիօդոնտում բորբոքում է զարգանում: Այն հյուսվածքի այտուցի պատճառ է դառնում, իսկ քանի որ բորբոքային  հեղուկի հետհոսքը պերիօդոնտային հատվածում դժվարանում է, ապա ախտընթացն ուղեկցվում է կտրուկ արտահայտված ցավերով: 
Ցավն անընդհատ ուժեղացող բնույթ է ունենում: Արդյունքում այդ հեղուկը ելք է գտնում կամ արմատի խողովակի միջով, կամ լնդային գրպանիկի, կամ ծնոտի վերնոսկրի տակով և սուր դրսևորումը հանդարտվում է: Մի շարք դեպքերում հնարավոր է, որ բորբոքումը սուր բնույթ չստանա և ախտընթացը քրոնիկական է դառնում:  

Պերիօդոնտիտը, ինչպես արդեն ասացինք, կարիեսի բարդություններից է, երբ ինֆեկցիան կարիոզ խոռոչից անցնում է դեպի պուլպան, որտեղից էլ այն  ներթափանցում է պերիօդոնտ և առաջացնում է տվյալ հիվանդությունը: Ատամը սկսում է շարժվել, ցավում է ամենաթեթև հպումից անգամ: Մարմնի ջերմաստիճանը բարձրանում է: Պերիօդոնտիտը կարող է ընթանալ նաև առանց ցավի, այդ դեպքում արմատի  շրջոսկրի ներծծում է տեղի ունենում, բորբոքային ախտընթացի պատիճավորում, ձևավորվում է գրանուլոմա,  (պարկիկ), որը հետագայում կարող է դառնալ կիստա-գրանուլոմա և կիստա,( բուշտ), որոնք առավել լուրջ բուժում են պահանջում ոչ միայն ատամը պահպանելու, այլև օրգանիզմի թունավորումը կանխարգելելու համար: Եթե մարդու մոտ պերիօդոնտիտով ախտահարված մի քանի ատամ կա, ապա մեծ է հավանականությունը ներքին օրգանների` երիկամների (գլոմերուլոնեֆրիտ), սրտի, հոդերի (ռևմատիզմ) հիվանդությունների առաջացման:  
Պերիօդոնտիտը հաճախ կարող է զարգանալ նաև անորակ բուժված արմատների խողովակների հետևանքով: Նման ատամները հաճախ ենթակա են հեռացման, եթե արմատները նորից բուժել հնարավոր չի լինում: Խողովակիկները մշակվում են հատուկ ասեղներով, հականեխիչ նյութերով, ուլտրաձայնով: Հաճախ դրա համար մի քանի այց է պահանջվում: Ատամի  <փրկությունը> հաճախ շատ կարևոր է լինում հետագա պրոթեզավորման համար:

Ախտանշանները

Պերիօդոնտիտը, ինչպես նշեցինք, դրսևորվում է ատամի շուրջբոլորը սուր ցավերով, որն ուժեղանում է թեթև հպումից անգամ: Շրթունքը, թուշը, լնդերը ուռում են, ատամը շարժվում է, բերանից տհաճ հոտ է գալիս, երբեմն լնդերի վրա խուղակ է լինում:
Պերիօդոնտիտը լինում է ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն:

Ինֆեկցիոն պերիօդոնտիտ

Պերիօդոնտիտի զարգացման մեջ հիմնական <դերը> պատկանում է միկրոօրգանիզմներին և դրանց արտադրած թունավոր նյութերին: Դրանք պերիօդոնտ են թափանցում արմատի խողովակով, պարօդոնտային գրպանիկով կամ էլ հեմատոգեն ճանապարհով:
Միկրոօրգանիզմները և դրանց արտադրած թունավոր նյութերը, թափանցելով պերիօդոնտի  հյուսվածքի մեջ, վտանգավոր բորբոքում են առաջացնում:

Ոչ ինֆեկցիոն պերիօդոնտիտ

Այն զարգանում է հետևյալ պատճառներով
1.    Տրավմա 
ա. միանգամից, սուր (հարված, խողովակները պլոմբելիս վնասվածք, պուլպիտը բուժելիս պերիօդոնտի վնասվածք, ատամներով ընկույզ կոտրելիս, կամ ոսկոր կրծելիս),
բ.  քրոնիկական միկրոտրավմա (ծխամորճ, փողային նվագարաններ, մատիտ, գրիչ կրծել, բարձր դրված պլոմբ և այլն):
2.    Դեղորայքի ազդեցություն 
Երբ պերիօդոնտի մեջ ուժեղ ազդեցության դեղորայք է հասնում` արմատների խողովակները լայնացնելիս, դրանք մանրէազերծելիս և այլն:

Բուժումը

Պերիօդոնտիտի  բուժումը բազմափուլային է: Բուժման մեթոդները ընտրվում են պայմանավորված կոնկրետ դեպքով:  Կիրառվում են հատուկ մածուկներ, որոնք նպաստում են բուշտի, գրանուլեմայի ներծծմանը, ոսկրային հյուսվածքի վերականգնմանը: 
Նշանակվում են նաև սուլֆանիլամիդային պատրաստուկներ ներընդունման ձևով, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն, ինչպես նաև անալգետիկներ` ցավը հանգստացնելու համար: Բայց այս մեթոդները հիմնական համարել չի կարելի, քանի որ հիմնական բուժումը կատարում է ստոմատոլոգը:


Առաջին այցելության ժամանակ կատարվում է.
1.    Ախտորոշիչ ռենտգեն նկարահանում
2.    Ցավազրկում
3.    Կարիեսի բուժում
4.    Ատամնապսակից նեկրոտիկ պուլպայի հեռացում, արմատի խողովակիկների մաքրում հակասեպտիկ դեղորայքով
5.    Արմատի խողովակիկների երկարության չափում
6.    Այդ խողովակների մեխանիկական լայնացում (զուգահեռաբար դրանց լվացում մի քանի անգամ հակասեպտիկ դեղորայքով)
7.    Արմատի խողովակի մեջ հակասեպտիկ դեղամիջոցի ներարկում մինչև հաջորդ այցելությունը
8.    Ժամանակավոր պլոմբավորում:

Երկրորդ այցելության ժամանակ.
1.    ժամանակավոր պլոմբայի հեռացում
2.    Խողովակիկների մաքրում հակասեպտիկներով
3.    Որակյալ պլոմբավորում  գուտապերչով:

Սուր կամ քրոնիկ պերիօդոնտիտի մի շարք դեպքերում, երբ բուժման թերապևտիկ մեթոդներն անարդյունավետ են լինում, հարկ է լինում հեռացնել ատամը: Հեռացումը ցուցված է ոսկրային և փափուկ հյուսվածքներ բորբոքային ախտընթացի տարածումը կանխարգելելու համար, պատահում է, որ արագ հեռացնելը նույնիսկ ժամերի խնդիր է լինում: Երբեմն էլ քրոնիկական պերիօդոնտիտի դեպքում ատամն այնքան քայքայված է լինում, որ նրա անատոմիական ձևը վերականգնել հնարավոր չի լինում, կամ էլ արմատը որպես շտիֆտի հենարան օգտագործել հնարավոր չի լինում: 
Միաժամանակ, ատամի հեռացումը ցուցված է նաև այն դեպքերում, երբ բարդացած պերիօստիտ է լինում և, որպեսզի բորբոքային հեղուկը դուրս գա, հարկ է լինում տվյալ ատամի արմատի վերին հատվածում լնդերի միջով շրջոսկրի կտրվածք անել: Նման միջամտությունը ցուցված է նաև փափուկ հյուսվածքի մեծ այտուցի դեպքում:
Վիրահատական միջամտության և դեղորայքային բուժման զուգակցումը հնարավորություն է տալիս արագ վերացնել բորբոքային ախտընթացը:

Էնդոդոնտիա

Էնդոդոնտիան արմատախողովակների բուժումն է, որի հիմնական նպատակներից մեկն ատամի պահպանումն է: Ինչպես ասում են, ատամնային պրոթեզ դնել միշտ էլ կարելի է, բայց սեփական ատամը պետք է ձգտել պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ դա գոնե փոքր-ինչ հնարավոր է: Էնդոդոնտիկ բուժման ընթացքում  նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը` վիրահատական միկրոսկոպը, ուլտրաձայնը, նիկելտիտանե գործիքները, ապեքս-լոկատորը և այլն, ստոմատոլոգին առավել շատ հնարավորություններ են տալիս պահպանել ատամը և հասնել դրական արդյունքների այնպիսի կլինիկական իրավիճակներում, երբ այն մի քանի տարի առաջ անհնարին էր:   Նման բուժման անհրաժեշտությունն առաջանում է կարիեսի բարդության զարգացման (պուլպիտ, պերիօդոնտիտ), ատամների վնասվածքի ժամանակ, երբեմն էլ պրոթեզավորման նախապատրաստման փուլում: Էնդօդոնտիան ցուցված է նաև կրկնակի բուժման համար, երբ նախկինում ատամի խողովակները վատ են բուժվել: Պրակտիկ էնդոդոնտիայի նպատակն է կանխարգելել զարգացումը կամ վերացնել արդեն առկա հարատամնային հյուսվածքի բորբոքային օջախները, որոնք հանդիսանում են ատամի կորստի հաճախակի պատճառներից մեկը: Այդ նպատակին հասնել հնարավոր է ատամի արմատի խողովակների հակամանրէային մշակումով և հերմետիկ փակումով, որը զուգակցվում է ատամնապսակի հերմետիկ վերականգնումով: Պրակտիկ էնդօդոնտիա կատարելու համար անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում կատարել և բուժման հստակ պլան մշակել:  

Ախտորոշումը

Ւնչպես հայտնի է, ներառում է` հիվանդության և կենսակերպի անամնեզի հավաքում, ճշտելով ալերգաբանական վիճակը, ներքին օրգան-համակարգերի ֆունկցիոնալ վիճակը, հիվանդի դիմածնոտային հատվածի օբյեկտիվ հետազոտությունը` ասիմետրիայի, այտուցի, խուղակի հայտնաբերման համար, ավշային հանգույցների, քունք-ստործնոտային հոդի պալպացիան: Բերանի խոռոչի հետազոտությունը ուղղված է բերանի խոռոչի  հիգիենայի, լորձաթաղանթի, պարօդոնտի հյուսվածքի վիճակը, խուղակների, բորբոքման առկայությունը պարզելուն: Կլինիկա-լաբորատոր հետազոտությունների տվյալներն ամփոփելով, կատարվում է հիվանդության ախտորոշում և բուժման պլան է մշակվում: 

Ատամի խողովակի բուժումը

Կարող է կատարվել մի քանի փուլով: Որպես կանոն, կատարվում է տեղային անզգայացում: Անզգայացնող դեղորայքի ընտրությունն ու չափաքանակը պայմանավորված է տարիքով, մարմնի քաշով, ստոմատոլոգիական միջամտության տևողությամբ և հիվանդի ալերգիկ քարտով: Ատամը մեկուսացվում է հատուկ լատեքսից գործվածքով (ռաբբեր-դամ) և հետո բժիշկը սկսում է մաքրել ատամի արմատի խողովակները հատուկ սարքավորումների, գործիքների և պատրաստուկների օգնությամբ, ռենտգենի և ապեքս-լոկատորի հսկողությամբ: 
Ռաբբեր-դամի օգտագործումը էնդօդոնտիկ բուժման ընթացքում ցանկալի է , քանի որ այն ապահովում է աշխատանքի ասեպտիկ պայմաններ, կանխարգելում է ատամի խոռոչի վարակումը միկրոօրգանիզմներով թքի կամ արտաշնչվող օդի միջով, կանխարգելում է էնդօդոնտիկ մանր գործիքների հիվանդի կողմից պատահաբար կուլ տալը: Ռաբբեր-դամի օգնությամբ խնայվում է ժամանակը, ատամի խոռոչի բացումը ավելի դյուրին է լինում, նշանակալիորեն լավանում է բուժման որակը:

Էնդոդոնտիկ բուժումը

Բուժումը սկսվում է ատամի խոռոչը բացելով: Արմատի խողովակի գործիքային մշակման դժվարություն կարող է առաջանալ, երբ խոռոչը բավարար չափով չի բացվել կամ էլ դեպի արմատի խողովակ ուղղակի մոտեցումը հնարավոր չէ: Խոռոչը բացելիս միշտ պետք է հիշել ատամի անատոմիական կառուցվածքի մասին: Ատամի արմատի խողովակի երկարությունը որոշելը  բուժման կարևոր փուլերից մեկն է: Կատարելագործված ապեքս-լոկատորները հնարավորություն են տալիս բավական ստույգ որոշել խողովակի երկարությունը, օգնության է հասնում նաև ռենտգեն-նկարահանումը, որը պատկերացում է տալիս ոչ միայն խողովակի երկարության, այլև դրա կորության կամ լրացուցիչ խողովակների առկայության մասին:  Որոշ դեպքերում, արմատի խողովակները պլոմբում են հենց առաջին փուլում, բայց երբեմն կարող են պահանջվել բուժպատրաստուկներ: Այս դեպքում վերջնական պլոմբավորումն ու բուժումը կկատարվի արդեն հաջորդ փուլերի ընթացքում: Այդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածում կամ ժամանակավոր ատամնապսակ է դրվում, կամ ժամանակավոր պլոմբ, որոնք հուսալի պաշտպանում են ատամի արմատի խողովակները միկրոօրգանիզմների թափանցումից: 
Ատամի արմատի գրագետ պլոմբավորումը շատ կարևոր է: Պլոմբավորման դասական եղանակը խողովակների լիցքավորումն է հատուկ, լատեքսի նման  նյութով, որը գուտապերչ է կոչվում: Այս նյութով պլոմբավորման մի քանի եղանակ գոյություն ունի` տերմաֆիլ, լատերալ (դրսային, կողմնային) կոնդենսացիա և ջերմագուտապերչ:

Տերմաֆիլը և լատերալ կոնդենսացիան կիրառում են  միայն  հասանելի խողովակների հետ աշխատելու համար: Իսկ ջերմագուտապերչը ( շարժունակ տաք զանգված է) լցնում է և հիմնական խողովակը, և միկրոխողովակները, որոնց գործիքները չեն հասնում: Այդ նյութը, պնդանալով, փակում է բոլոր միկրոճաքերը և անցքերն այնպես, որ միկրոօրգանիզմներն այնտեղ այլևս բազմանալ չեն կարող: 
Մի խոսքով, կարող ենք ասել, որ ջերմագուտապերչը ամենաժամանակակից և զարգացած մեթոդն է: Այս մեթոդը հնարավորություն է տալիս պլոմբել նույնիսկ բարդ անատոմիական կառուցվածք ունեցող արմատի խողովակները, որոնք այլ եղանակով պլոմբելը գրեթե անհնար է:

Մեր պրակտիկայում ուղղահայաց կոնդենսացիայի  մեթոդը բարձր կլինիկական հուսալիություն է ապահովում, հնարավորություն տալով հավասարաչափ լիցքավորել ատամի արմատի խողովակները, որը ստուգվում է ռենտգեն նկարահանմամբ: Այս դեպքում գործնականում բացառվում են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են նորից պլոմբավորումը կամ թերպլոմբավորումը:  Այս մեթոդը կիրառվում է ատամների բուժման կլինիկական դեպքերի մեծամասնության ժամանակ, քանի որ, ինչպես ասեցինք, հնարավորություն է տալիս երկարաժամկետ բուժում ապահովել: Մեր կլինիկական փորձը ցույց է տվել, որ ատամների բուժման ջերմապլաստիկ գուտապերչով ուղղահայաց կոնդենսացիայի մեթոդն առավել արդյունավետ և երկարաժամկետ մեթոդ է:  
Ատամի արմատի խողովակների բուժումը կարելի է հսկել և վերջնական արդյունքը գնահատել ռենտգեն նկարահանումով, որը կատարվում է 12-18 ամիս հետո և հնարավորություն է տալիս հայտնաբերել արմատի վերին հատվածում բորբոքային դրսևորումների  առկայությունը կամ բացակայությունը: Բայց, որպես կանոն, բորբոքման կլինիկական նշանները (ցավ, այտուց և այլն) վերացվում են բուժման ընթացքն սկսելուց 1-2 շաբաթ անց և ատամնապսակի վերականգնման  աշխատանքները կարելի է սկսել արմատի խողովակների բուժումից մի քանի օր հետո: 

«Արեգակ» կլինիկայի պրակտիկայում կիրառվում են էնդօդոնտիկ բուժման երկու մեթոդները, քանի որ համապատասխանում են արմատի խողովակների որակյալ պլոմբավորման բոլոր ցուցանիշներին:  Դրա հետ մեկտեղ, պացիենտները միշտ բուժման մեթոդի առավելագույն ընտրության հնարավորություն ունեն, քանի որ դա և բժշկին, և պացիենտին թույլ է տալիս յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար առավել հարմար մեթոդ ընտրել, գլխավոր նպատակին` առողջության պահպանմանը հասնելու համար:

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ

Բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա մշտապես ազդում են ամենատարբեր գրգռիչներ` քիմիական, մեխանիկական, ջերմային, բազմաթիվ մանրէներ ու թունավոր նյութեր: Բացի դրանից, բերանի խոռոչը զգայուն ինդիկատոր է, որը ցույց է տալիս ներքին օրգանների աշխատանքը և օպերատիվ կերպով ահազանգում է, երբ որևէ օրգանի հետ ինչ-որ բան կարգին չէ: Եթե պաշտպանական գործոններից որևէ մեկը թուլացել է, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային ախտընթացի զարգացման վտանգ է առաջանում: Դրանցից ամենատարածվածներն են ստոմատիտը և գլոսսիտը:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների պատճառները կարող են լինել.

-     բերանի խոռոչի հյուսվածքների վնասվածքը (քիմիական, ջերմային և
այլն), որի պատճառով վնասվածքային էռոզիա է առաջանում, խոց, լեյկոպլակիա կամ լեյկոկերատոզ (լորձաթաղանթի հատվածի եղջերացում, որն այնուհետև կարող է չարորակ նորագոյացության վերաճել).
-    ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք ախտահարում են բերանի խոռոչի
լորձաթաղանթը վիրուսների, մանրէների, սնկերի թափանցման հետևանքով.
-    բավական հաճախ լորձաթաղանթի ախտաբանական փոփոխությունների պատճառը լինում են օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործառույթների խանգարումները. ալերգիան, սիրտ-անոթային համակարգի, ստամոքս-աղիքային ուղու, էնդոկրինային, արյան, մաշկային հիվանդությունները, տուբերկուլոզը, ՁԻԱՀ-ը և այլն:

Հաճախ բերանի խոռոչի լորձաթաղանթի պաթոլոգիայի իրական պատճառը գտնելը բավական դժվար է լինում. անհրաժեշտ է տվյալ պարագայում մեծ փորձ, բարձր պրոֆեսիոնալիզմ, ոչ միայն մեծ քանակությամբ ինֆորմացիա հավաքելու  այլև դրանք մեկնաբանել կարողանալու և համապատասխան եզրակացություն կատարելու հմտություն:

«Արեգակ» բժշկական կենտրոնի փորձառու բժիշկ-ստոմատոլոգները շատ արագ են կարողանում ախտորոշել կոնկրետ հիվանդի բերանի խոռոչի լորձաթաղանթի առաջացած հիվանդությունները, գտնել պատճառները և, բնականաբար, համապատասխան բուժում նշանակել:
Հիմնական կլինիկական դրսևորումները

Բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները մեկ ընդհանուր անվանում ունեն` ստոմատիտներ: Երբ ախտընթացը տեղակայված է լեզվի վրա, այն կոչվում է գլոսսիտ, լնդերի վրա` գինգիվիտ, շրթունքների վրա` խեյլիթ: Երբ բերանի խոռոչի լորձաթաղանթը հաստանում է, եղջրանում և սկսում է կլպվել, արդեն հիվանդության առանձնահատուկ տեսակն է առկա` լեյկոպլակիան: 
Ստոմատիտի բնորոշ ախտանշանն է բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կարմրության օջախների, բշտիկների, էրոզիաների (աֆթ) կամ խոցերի, փառածածկույթի երևան գալը: Այդ օջախները հաճախ լինում են թշերի լորձաթաղանթին, բերանի խոռոչի հատակին, քիմքին, լեզվի ծայրին: Երբեմն էռոզիաների և խոցերի մոտակայքում տեղակայված լիմֆատիկ հանգույցների մեծացում է արձանագրվում, երբեմն էլ մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Հիվանդության միջին տևողությունը 7-14 օր է: Ստոմատիտը կարող է կրկնվել, եթե իմունիտետը ցածր է, խանգարվել է նորմալ սննդակարգը, առկա է հիպովիտամինոզ, ինֆեկցիոն հիվանդություն, ընդ որում, սրացումը հաճախ լինում է գարնանը և աշնանը:

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ախտորոշումը

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ախտորոշումը կատարվում է  պացիենտի կլինիկական մանրամասն զննմամբ, որը ստոմատոլոգին թույլ է տալիս որոշել ախտընթացի աստիճանն ու տարածվածությունը, բորբոքման հանդեպ օրգանիզմի ռեակցիան: Շատ կարևոր է հայտնաբերել հիվանդության իրական պատճառը (տրավմա, ինֆեկցիա, ալերգիա, ներքին օրգանների պաթոլոգիա, հիպովիտամինոզ և այլն), քանի որ դրանից է կախված բուժման արդյունավետությունը և հետագա սրացման կանխարգելումը:

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման սկզբունքը

Հիվանդությունների պատճառների վերացմանն ուղղված էթիոտրոպ և պաթոգեն թերապիան (ինֆեկցիոն բնույթի ստոմատիտի, գլոսսիտի, խեյլիթի դեպքում` հակավիրուսային, հակամանրէային թերապիա, հիպովիտամինոզի դեպքում` վիտամինաթերապիա, հիմնական հիվանդության բուժում, որի պատճառով առաջացել են բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունները):  
Տեղային բուժում` ուղղված տեղային տրավմատիկ գործոնների, հիվանդության հիմնական ախտանշանների վերացմանը, առկա էրոզիաների և խոցերի արագ ապաքինմանը: 
Ընդհանուր առողջարար բուժում, որը խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների  առաջին իսկ նշանների դեպքում բժիշկ-ստոմատոլոգին դիմելն արագ  ապաքինման երաշխիքն է:

Ստոմատիտ

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Տվյալ պաթոլոգիան զարգանում է, որպես կանոն, իմունիտետի ընդհանուր և տեղային նվազման պատճառով: Ըստ առաջացման պատճառների, տարբերում են ստոմատիտի հետևյալ տեսակները.
-    քրոնիկական կրկնվող աֆթոզ ստոմատիտ
-    հերպետիկ
-    խոցա-նեկրոտիկ
-    կանդիդոզային

Քրոնիկական կրկնվող աֆթոզ ստոմատիտը դրսևորվում է շրթունքների, թշերի, քիմքի կամ լեզվի լորձաթաղանթի վրա ցավոտ աֆթերի ձևով: Հիմնական հարուցիչները վիրուսներն ու մանրէներն են: Հիվանդությունը առաջանում է, երբ օրգանիզմում խախտվում է B1 և B12 վիտամինների հավասարակշռությունը: Այն հաճախ դիտվում է լյարդի և ստամոքս-աղիքային ուղու քրոնիկական հիվանդությունների դեպքում:

Հերպետիկ ստոմատիտի հարուցիչը սովորական հերպեսի վիրուսն է,որը շատ տարածված է:  Այն ամենից հաճախ լինում է 1-3 տարեկան երեխաների մոտ:

Այդ դեպքում փոքրիկի մոտ հիվանդության սկզբին ընդհանուր թունավորման ախտանշաններ են լինում.Հերպետիկ ստոմատիտ
-    ընդհանուր թուլություն,
-    բարձրանում է մարմնի ջերմաստիճանը,
-    մեծանում են ավշային հանգույցները,
-    լինում է սրտխառնոց և փսխոց 
-    լուծ

Հետո բերանի խոռոչի լորձաթաղանթին, ինչպես նաև շրթունքների եզրերին սկսում են բշտիկներ գոյանալ, որոնց տեղում շատ արագ էռոզիաներ են առաջանում բնորոշ, անհարթ եզրերով: Մոտ 8-10 օր հետո հիվանդությունն ապաքինվում է:

Խոցա-նեկրոտիկ ստոմատիտին բնորոշ է լնդեզրի նեկրոզը: Բորբոքումը հաճախ սկսվում է միջատամնային պտկիկներից և հարակից լորձաթաղանթից:  Հետո առաջանում են ցավոտ, հեշտորեն արյունահոսող խոցեր, որոնք շատ արագ միանում են և լորձաթաղանթի բավական մեծ խոցեր ձևավորում: Արդյունքում նեկրոզի ակտիվ ախտընթաց է սկսվում, բերանից նեխման բնորոշ հոտ է գալիս: Այդպիսի ախտընթաց արձանագրվում է բերանի խոռոչի անբավարար հիգիենայի դեպքում: Ստոմատիտի այս տեսակը առավել հաճախ հանդիպում է 17-30 տարեկան մարդկանց մոտ:
Խոցա-նեկրոտիկ  ստոմատիտը կարող է ուղեկցել այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են գրիպը, անգինան, ՍՇՀ-ն, արյան հիվանդությունները, ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզը, և բավական տհաճ ու ծանր բարդություններ առաջացնել: Լորձաթաղանթի նման ախտընթացի դեպքում, բացի ցանից, կարող են արձանագրվել նաև թունավորման ախտանշաններ`մարմնի բարձր ջերմաստիճան, ընդհանուր թուլություն, լիմֆատիկ հանգույցների մեծացում և ցավ:

Կանդիդոզային ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բավական տարածված հիվանդություն է, որի հարուցիչը Candida տեսակի սունկն է: Այս հիվանդության դեպքում բերանի խոռոչում չորություն է զգացվում, այրոց, սպիտակ կաթնաշոռաձև փառ է ձևավորվում (այն մաքրելիս լորձաթաղանթը արյունահոսում է): 

Ստոմատիտի բուժումը

Այս կամ այն տեսակի ստոմատիտի առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկ է դիմել բժշկին: Ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի: Բժիշկը սկզբից ախտորոշում  կկատարի, իսկ հետո արդեն համապատասխան բուժում կնշանակի:  Իսկ ստոմատիտը կանխարգելելու համար պետք է մշտապես պահպանել բերանի խոռոչի հիգիենան և, իհարկե, ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ:

Ստոմատիտները ըստ կլինիկական դրսևորումների լինում են կատարալ, խոցային և աֆտոզ:

Կատարալ ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթ հաճախ հանդիպող ախտահարումներից է: Առաջացման պատճառը լինում են տեղային գործոնները` երբ չի պահպանվում բերանի խոռոչի հիգիենան, ատամների հիվանդությունները, բերանի խոռոչի դիսբակտերիոզը: Ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունները, օրինակ, գաստրիտը, դուոդենիտը, կոլիտը, ճիճվակրությունը նույնպես կարող է կատարալ ստոմատիտի պատճառ դառնալ: Կատարալ ստոմատիտի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթը այտուցվում է, ցավոտ է լինում, հիպերեմիա է արձանագրվում, այն կարող է սպիտակ կամ դեղին փառով ծածկված լինել: Դիտվում է նաև հիպերսալիվացիա (գերթքարտադրություն): Կարող է նաև լնդերի արյունահոսություն լինել, բերանից եկող տհաճ հոտ:

Կատարալ ստոմատիտի բուժումը տեղային պատճառների վերացումն է` ատամնաքարերի հեռացում, ատամների բուժում: Լորձաթաղանթը մշակվում է հակասեպտիկ` քլորհեքսիդինի 0,05% և 0,1% լուծույթներով: Օրվա ընթացքում բերանի խոռոչը պետք է ողողել երիցուկի, վաղենակի թուրմով, ինչպես նաև սննդակարգ պահպանել: Սովորաբար 5-10 օր հետո ստոմատիտն ապաքինվում է: Իսկ եթե երևույթները չեն վերանում, ուրեմն պետք է գտնել ընդհանուր պատճառները, որը կարող է լինել ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունը կամ ճիճվակրությունը: Այս դեպքում արդեն զուգակցվում են տեղային և ընդհանուր բուժումները:

Խոցային ստոմատիտն առավել ծանր հիվանդություն է, քան կատարալը, այն կարող է զարգանալ և ինքնուրույն, կարող է լինել նաև կատարալ ստոմատիտի բարդությունը: Խոցային ստոմատիտը հաճախ առաջանում է ստամոքսի խոցային հիվանդություն կամ քրոնիկական էնտերիտ ունեցող անձանց մոտ, ինչպես նաև սիրտ-անոթային, արյան, ինֆեկցիոն հիվանդությունների և թունավորումների ժամանակ:  Ի տարբերություն կատարալ ստոմատիտի, որն ախտահարում է լորձաթաղանթի մակերեսային շերտը, խոցային ստոմատիտը ախտահարում է ողջ լորձաթաղանթը: 
Կատարալ և խոցային ստոմատիտների նախնական ախտանշանները նման են, բայց, հետո խոցային ստոմատիտի դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, թուլություն է արձանագրվում, գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում և ցավ: Ուտելիս խիստ ցավ է զգացվում: Եվ նման ախտանշանները, բնականաբար, բժշկին դիմելու պատճառ են դառնում:

Աֆթոզ ստոմատիտը դրսևորվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա մեկ կամ մի քանի աֆթերի (խոցեր)առաջացմամբ: Աֆթերը լինում են ձվաձև կամ կլոր, ոսպի հատիկի չափ, հստակ կարմիր եզրագծերով, մեջտեղում մոխրագույն-դեղին փառով:  
Աֆթոզ ստոմատիտի առաջացման պատճառ կարող են լինել ստամոքս-աղիքային հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները, վիրուսային ինֆեկցիաները, ռևմատիզմը: Հիվանդությունը սկսվում է ընդհանուր տկարությամբ, մարմնի բարձր ջերմաստիճանով, բերանում աֆթերի առաջացման տեղերում ցավով: Այս հիվանդության բուժման համար անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

Լեյկոպլակիան բերանի խոռոչի լորձաթաղանթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում էպիթելի եղջրացումն է (հիպերկերատոզ): Այն լինում է առավելապես տղամարդկանց մոտ 40 տարեկանից հետո և տեղակայվում է թշերի լորձաթաղանթին, բերանի անկյուններում, լեզվի կողմնային հատվածներում: 
Լեյկոպլակիայի պատճառներ կարող են լինել լորձաթաղանթի մեխանիկական վնասվածքները` ատամնապրոթեզի կեռիկներից, շատ տաք կամ սառը ուտելիքից և այլն: Այս հիվանդությունը հաճախ արտահայտված ախտանշաններ չի ունենում, հիվանդը երբեմն կարող է թեթև քորի կամ այրոցի զգացում ունենալ: Բայց հիվանդությունը վտանգավոր է, քանի  որ կարող է չարորակ նորագոյացություն դառնալ, այդ պատճառով էլ խիստ անհրաժեշտ է բժիշկ-ուռուցքաբանին դիմելը:

Գլոսսիտ

Գլոսսիտը լեզվի հյուսվածքների բորբոքումն է: Այն կարող է լինել և մակերեսային, և խորը: Շատ հաճախ գլոսսիտը լինում է օրգանիզմի որևէ հիվանդության ախտանշան, բայց կարող է նաև որպես ինքնուրույն հիվանդություն հանդես գալ: 
Գլոսսիտի զարգացման հիմնական պատճառներն են` ատամների կարիեսը, ատամնաքարը, լեզվի և բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, բերանի խոռոչի անբավարար հիգիենան, ծանր մետաղների աղերով ախտահարումը, այրվածքը, շատ տաք ուտելիքը, կծու համեմունքները, ալերգիան և այլն:  

Մակերեսային գլոսսիտը հաճախ ստամոքս-աղիքային ուղու, ինֆեկցիոն հիվանդությունների ախտանշան կարող է լինել: Այն դրսևորվում է լեզվի վրա փառով, այտուցով, հաստացմամբ, շարժունակության սահմանափակմամբ:  Լեզուն վառ կարմիր գույն է ստանում, լեզվի վրա այրոցի զգացում է առաջանում, այն ցավոտ է լինում, կորում է համային զգացողությունը, առատ թքարտադրություն է լինում:

Մակերեսային գլոսսիտի բուժումը կատարվում է տեղային ցավազրկողներով և հակաբորբոքային միջոցներով: Նշանակվում են նաև բազմավիտամինային համալիրներ, հակահիստամինային դեղպատրաստուկներ, իմունախթանիչներ: Մեծ նշանակություն ունի բերանի սանացիան (բաց վերքի մշակում`օտարածին նյութի և մեռած հյուսվածքի հեռացմամբ, որպեսզի ոչինչ չխանգարի ապաքինմանը):

Խորը գլոսսիտի դեպքում մի քիչ ավելի բարդ է: Բորբոքային ախտընթացը տեղակայվում է լեզվի մեջ և աբսցես է զարգանում (թարախի կուտակում, որն առաջանում է սուր կամ քրոնիկական ինֆեկցիայի օջախի դեպքում): Խորը գլոսսիտը կարող է տարածվել բերանի խոռոչի հատակում և կզակի ու պարանոցի հատվածում բորբոքում առաջացնել:  Այդ դեպքում արդեն ցուցված է վիրահատական բուժումը:

Բացի վերոհիշյալներից գոյություն ունեն նաև գլոսսիտի ոչ բորբոքային ձևեր, այսինքն` դեսկվամատիվ (թեփոտվող) գլոսսիտ (աշխարհագրական լեզու):

Հիվանդության տվյալ տեսակը լինում է հղիության ժամանակ, ստամոքս-աղիքային ուղու, արյան հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, որոշ ինֆեկցիոն հվանդությունների, ճիճվակրության, ռևմատիզմի դեպքում:  
Դեսկվամատիվ  գլոսսիտի դեպքում օջախային ձևով ախտահարվում է լեզվի մակերեսի և կողմնային հատվածների էպիթելը: Վերականգնվող և քայքայվող էպիթելների օջախների հերթագայումն էլ լեզվի մակերեսը քարտեզի պես է դարձնում: Բացի արտաքին փոփոխություններից, լինում են նաև այրոց ու ցավ: 
Դեսկվամատիվ գլոսսիտի բուժումը հիմնված է հիմնական հիվանդության բուժման վրա, որի պատճառով առաջացել է գլոսսիտը:
Գլոսսիտները լինում են նաև  շեղանկյունաձև, որը բնածին անկանոնություն է համարվում. թավիկավոր` բնութագրվում է թելքավոր պտկիկների մեծացմամբ ու եղջրացմամբ.   ծալքավոր` բնածին անկանոնություն է, լեզվի վրա ծալքեր են առաջանում, այն սովորաբար գանգատներ չի առաջացնում,  գունտերյան`անեմիայի նշաններից մեկն է, որն առաջանում է B12 վիտամինի և ֆոլաթթվի անբավարարության պաճառով, լեզուն կարծես լաքապատ լինի, պտկիկներ չկան. միջանկյալ` այս տեսակը զարգանում է սիֆիլիս հիվանդության դեպքում, լեզուն հաստանում է, պնդանում, շարժումները սահմանափակվում են:

Գլոսսիտի կանխարգելումը պահանջում է բերանի խոռոչի և ատամների հիգիենայի պահպանում, կանոնավոր այցելություն ստոմատոլոգին, առողջ սննդակարգ:

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժումը հիմնականում կատարվում  է հրահրող պատճառների վերացմամբ: Բերանի խոռոչի սանացիա է կատարվում, ատամների սուր անկյունները հարթեցվում են, ատամնային պրոթեզը ճիշտ է ընտրվում: Հիվանդին առողջ սննդակարգ է նշանակվում, ծխելուց հրաժարվել, շատ տաք և կծու ուտեստներ չուտել:
Ստոմատիտների բուժման համար հեռացվում են ատամնաքարերը, բուժվում են հիվանդ ատամները: Բերանի խոռոչի ողողման համար նշանակվում են հակասեպտիկ միջոցներ, այդ թվում և ժողովրդական` երիցուկի և վաղենակի թուրմերով ողողումներ: Եթե ստոմատիտը չի ապաքինվում 5-10 օրվա ընթացքում, նշանակում է ստամոքս-աղիքային ուղու հիվանդություն կա, կամ էլ ճիճվակրություն: Այս դեպքում արդեն ընդհանուր բուժման կուրսն է ընտրվում:

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում  կատարվում են բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ախտորոշում և բուժում: Տվյալ հիվանդությունները բազմազան են և հաճախ են հիվանդին տառապանք պատճառում, այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է դրանք ճիշտ ախտորոշել և ժամանակին սկսել բուժումը: Բացի դրանից, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների ախտորոշումը կօգնի ճշտել ներքին օրգանների վիճակը, որը շատ կարևոր է , քանի որ բարդ լաբորատոր մեթոդներ չի պահանջում:

Ատամների վերականգնում

Ատամների վերականգնումը ժամանակակից ստոմատոլոգիայի  ուղղություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս շտկել, վերականգնել վնասված ատամների անատոմիական ձևը, կառուցվածքը, ատամի էմալի գույնը, վերացնել ատամնաշարի և բնածին, և ձեռքբերովի թերությունները: Էսթետիկ ստոմատոլոգիան ատամների գեղարվեստական վերականգնումն է, որից հետո պացիենտը ստանում է գեղեցիկ ժպիտ առանց պրոթեզավորման:   Էսթետիկ ստոմատոլոգիայում բազմաթիվ մեթոդներ կան, որոնք հնարավորություն են տալիս պացիենտի ժպիտը դարձնել ձյունաճերմակ: Ժամանակակից նյութերը բավական հարուստ գուներանգներ  ունեն, որը հնարավորություն է տալիս առավել ճիշտ ընտրել վերականգբված ատամի գույնը: Էսթետիկ վերականգնումը կարող է կատարվել մեկ այցելության ընթացքում և վերադարձնել փայլուն ժպիտը: 

 

Ատամների վերականգնումը ցուցված է հետևյալ դեպքերում.

- կարիես,
- ատամի կոտրվածք,
- պաթոլոգիական  մաշվածություն,
- առջևի ատամների վրա բծեր,
- սեպաձև արատներ, էրոզիա, ֆլյուորոզ:

Ատամների վերականգնումը հնարավորություն է տալիս վերականգնել ատամի և ատամնաշարի ձևը, փոխել ատամի գույնը, փակել ատամների միջև գտնվող արանքը: 
Գեղարվեստական  վերականգնման տեխնոլոգիայում օգտագործում են նյութերի երկու խումբ` կոմպոզիտներ և կոմպոմերներ: Ընդ որում, կոմպոմերները նոր սերնդի լուսաամրացող վերականգնողական նյութեր են, որոնք ֆտորի օգնությամբ ամրացնում են  ատամի հյուսվածքը, կանխարգելելով պլոմբի շուրջբոլորը կարիեսի առաջացումը:  ժամանակակից նյութերը բավական հարուստ գուներանգներ ունեն, որը հնարավորություն է տալիս առավել ճիշտ ընտրել վերականգնված ատամի գույնը: Արդյունքում ստացվում է պինդ բնական էմալի ճիշտ նմանությունը: Գեղարվեստական վերականգնման ընթացքում կլինիկայի մասնագետները կարող են շտկել նաև ատամի ձևը:
Ատամի վերականգնման ավարտական փուլ է հանդիսանում հղկումն ու փայլեցումը:

Ատամի վերականգնումը հնարավոր է կատարել ստոմատոլոգին մեկ այցելության ընթացքում և բժշկի հմտության ու տաղանդի շնորհիվ վերադարձնել փայլուն ժպիտը:
Այսօր ժամանակակից ստոմատոլոգիան գեղեցիկ և առողջ ատամներ ունենալու համար առաջարկում է էսթետիկական ստոմատոլոգիական ծառայության լիարժեք համալիր, որը ներառում է.   
-    հավասար ատամնաշարի ստեղծում, փոխելով դրանց ձևը,
-    կոտրվածքների վերացում,
-    հին, գունափոխված պլոմբների վերացում,
-    ատամների միջև շատ մեծ կամ փոքր արանքների վերացում,
-    պրոֆեսիոնալ սպիտակեցում:  

Գեղարվեստական վերականգնումը, ինչպես նշեցինք, կարող է կատարվել մեկ այցելության ընթացքում, առանց ատամի կաղապարը հանելու, շերտ առ շերտ վերականգնելով ատամնապսակը: 
Ատամի վերականգնման մյուս մեթոդն ավելի աշխատատար է: Սկզբից հանում են ատամի կաղապարը, որից հետո ատամնատեխնիկական լաբորատորիայում պատրաստում են կերամիկական ատամնապսակը: Այդ ընթացքում պացիենտի ատամի վրա դնում են ժամանակավոր պլաստմասե ատամնապսակը: Հաջորդ փուլն արդեն պատրաստի ատամնապսակի ամրացումն է ստոմատոլոգիական ցեմենտի օգնությամբ:

Ատամների վերականգնում օրթոպեդիկ մեթոդներով

Այնպիսի դեպքերում, երբ ատամի կոտրվածքը բավական մեծ է, կամ կարիեսային խոռոչն է մեծ և կոմպոզիտային նյութերով ատամը վերականգնել հնարավոր չէ, արդեն դիմում են օրթոպեդիկ պրոթեզավորման օգնությանը: Այս դեպքում օգտագործվում է.
-    կերամիկական ներդիրներ
-    վինիրներ և լյումինիրներ
-    ատամնապսակներ (մետաղակերամիկական, առանց մետաղի, ցիրկոնից):

Էսթետիկ վերականգնման տեխնիկայի շնորհիվ  հնարավոր է փոխել դիմացի ատամների գույնը, գեղեցկացնել ատամնաշարը ըստ հաճախորդի ցանկության, ի տարբերություն միկրոպրոթեզավորման և պլոմբավորման: Դիմացի ատամները հիանալի երևում են ժպտալիս, այդ պատճառով էլ էսթետիկական տեսքը պակաս կարևոր չէ գործառութայինից:  
Եթե պետք է վերականգնել դիմացի ատամները, որոնք աննշան արատներ ունեն, ապա վերականգնման համար օգտագործում են վինիրներ, իսկ եթե արատներն ավելի մեծ են, ապա օգտագործում են առանց մետաղի կամ ցիրկոնից ատամնապսակներ, որոնք մետաղե հիմք չունեն և առավել էսթետիկ են:
Մետաղակերամիկական կամ կերամիկական ներդիրները ավելի հաճախ օգտագործվում են  ծամողական խմբի ատամների վերականգնման համար:

Վինիրներ

Եթե պետք է վերականգնել դիմացի ատամները, որոնք աննշան արատներ ունեն, ապա վերականգնման համար օգտագործում են վինիրներ: Վինիրները գերբարակ կերամիկական թիթեղներ են, որոնք կիրառվում են ատամի ձևի և գույնի փոփոխության համար: Ժամանակակից նյութերով պատրաստված  այս կոսմետիկական  երեսպատիչների «ծառայության ժամկետը» բավական երկարատև է: Վերականգման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել՝ անցավ լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով:
 
<Արեգակ> ստոմատոլոգիական կլինիկան որակյալ ծառայություններ է մատուցում նաև էսթետիկական ստոմատոլոգիայի ոլորտում, որն, ինչպես նշեցինք, առավել բարդ և ստեղծագործական մոտեցում պահանջող   ոլորտ է: Գեղարվեստական վերականգնման ամեն մի դեպք անհատական մոտեցում է պահանջում և կլինիկայի բարձր որակավորում ունեցող ստոմատոլոգները այս ծառայությունը մատուցում են բարձր մակարդակով:
 
<Արեգակ > ստոմատոլոգիական կլինիկայում կիրառվող կոսմետիկական ստոմատոլոգիայի նորագույն մեթոդները ձեր ատամներին կատարյալ ձև ու գույն կհաղորդեն: Ատամների վերականգնումից հետո դուք կարող եք ժպտալ գեղեցիկ, սպիտակ  ատամնաշարով: