Բերանի խոռոչի անձնական հիգիենա

Ատամների որակյալ և ճիշտ, ինքնուրույն կամ անհատական մաքրումը ստոմատոլոգիական առողջության հիմնական գրավականն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այնպիսի հիվանդությունների հիմնական պատճառը, ինչպիսիք են ատամների կարիեսը, գինգիվիտը և պարօդոնտիտը, ատամների վրա առաջացած նստվածքներից են: Նստվածքներ ասելով, նկատի ունենք ատամնափառը և ատամնաքարը, որոնց մեջ պաթոլոգիական միկրոօրգանիզմներ կան: Այդ մանրէներն իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թթուներ, որոնք ագրեսիվ ազդեցություն ունեն և լնդերի վրա, առաջացնելով բորբոքում, և ատամների հյուսվածքի վրա, առաջացնելով կարիես: 
Այստեղից հարկ է եզրակացություն կատարել, որ մեխանիկորեն վերացնելով միկրոօրգանիզմների միջավայրը, բացառվում է ստոմատոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը: Հենց այդ պատճառով էլ ստոմատոլոգները շեշտը դնում են ճիշտ, որակյալ և, գլխավորը, կանոնավոր, բերանի խոռոչի անձնական հիգիենայի պահպանման վրա:
Ամենօրյա մաքրման հմտությունը

Հայտնի է, ատամները պետք է մաքրել օրական երկու անգամ, ուտելուց հետո: Ատամները պետք է մաքրել խոզանակի
ուղղահայաց, կիսաշրջանաձև, ավլող շարժումներով, սկսելով ատամի հիմքից դեպի դուրս, նույնկերպ մաքրել ներսի մակերեսը, ատամների կտրող և ծամող մակերեսը: 
Ատամների մաքրումը պետք է ավարտել լեզուն մաքրելով: Սննդի մնացորդները կուտակվում են լեզվի տակ պտկիկների արանքում և հիանալի միջավայր են դառնում մանրէների զարգացման համար: Դրանից խուսափելու համար պետք է լեզուն մաքրել հատուկ խոզանակով: Նման գործողությունը օգնում է նաև նվազեցնել բերանից եկող հոտը: Մասնագետները խորհուրդ են տալիս. ատամները մաքրելուց հետո մատներով կամ խոզանակով մերսել լնդերը շրջանաձև շարժումներով, այն լավացնում է արյան շրջանառությունը:

Ատամների պրոֆեսիոնալ խնամք և հիգիենա

Հիգիենա
 
ժամանակակից ստոմատոլոգիան սկսվում է հիգիենայից: Արդեն ապացուցված է այն փաստը, որ ատամների հետ կապված բոլոր հիվանդությունները առաջանում են բերանի խոռոչի վատ հիգիենայից: Եթե ատամների վրա ատամնափառ կա, քարեր, հետևաբար, ախտաբանական միկրոօրգանիզմներ, առողջ ատամների և լնդերի մասին կարելի է մոռանալ:  Կարիեսը սկսվում է ատամնափառից, որը պարբերաբար չի մաքրվում, աստիճանաբար շատանում է և վերածվում քարերի: Կարիեսի բարդություններն են` պուլպիտը, պերիօդոնտիտը, պերիօստիտը, օստեոմիելիտը: Եվ որքան բարդանում է վիճակը, այնքան հնարավոր չի լինում պահպանել ատամը և այն հեռացվում է: Եվ ողջ ախտընթացն ուղեկցվում է ոչ միայն անհարմարավետության զգացումով, այլև ուժեղ, անտանելի ցավերով: Իսկ ամեն ինչ սկսվում է, թվում է թե սովորական, ատամնափառից:  Ատամները ճիշտ մաքրել սովորելու համար անհրաժեշտ է խորհրդակցել ստոմատոլոգի հետ, ով կընտրի հիգիենայի անհատական միջոցներ, ցույց կտա ինչպես օգտագործել դրանք: Բացի դրանից, անհրաժեշտ է կես տարին մեկ անգամ այցելել բժշկին` կանխարգելիչ զննում և բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա անցկացնելու համար:

Հիգիենայի միջոցներ

Հիգիենա

 

Ատամի խոզանակը հիմնական գործիքն է ատամների և լնդերի մակերեսը մաքրելու համար: Բայց ամեն մի խոզանակ չէ, որ հարմար է դրա համար:
Ատամի խոզանակը պետք է պարտադիր արհեստական, ծայրերը կլոր մազիկներ ունենա, հարմարավետ պոչ, իսկ գլխավորը, մազիկների կոշտությունը պետք է համապատասխանի էմալի և լնդերի վիճակին: Կոշտ մազիկներով ատամի խոզանակ պետք է օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Իսկ եթե ատամները գերզգայուն են կամ լնդերի արյունահոսության վտանգն է առկա, ապա պետք է փափուկ մազիկներով խոզանակից օգտվել: Լավագույն տարբերակը մազիկների անհավասար երկարություն ունեցող խոզանակն է:
Ատամի մածուկը նույնպես ընտրում են պայմանավորված ատամների և լնդերի վիճակից: Եթե ատամները գերզգայուն են, չի կարելի այնպիսի ատամի մածուկ օգտագործել, որի մեջ հղկող նյութը շատ է: Այս դեպքում պետք է զգայուն ատամների համար հատուկ մածուկ օգտագործել: Լնդերի արյունահոսության և ցավի առկայության դեպքում հարկ է հակաբորբոքային մածուկներ օգտագործել:
Սակայն նման մածուկները, որոնք քլորհեքսիդին են պարունակում, 10-14 օրից ավելի խորհուրդ չի տրվում օգտագործել:
Քլորհեքսիդինը կարող է մանրէների ընկալունակ շտամների զարգացում հրահրել (որոնք կայուն են քլորհեքսիդինի ազդեցության հանդեպ), այն ֆտորի անտագոնիստ է հանդիսանում (այսինքն չի կարող ատամի էմալի մեջ թափանցել) և ատամի գույնը դեղնացնում է: Այդ պատճառով էլ քլորհեքսիդին պարունակող ատամի մածուկները նշանակում են միայն բորբոքային հիվանդությունների սրացման փուլում: 
Հիգիենիկ միջոցներից կարևորվում է նաև ատամնաթելը: Ատամնաթելի օգնությամբ մաքրվում են միջատամնային հատվածները, որտեղ ավելի շատ են կուտակվում ատամնափառը և սննդի մնացորդները: Պետք է նշել այն փաստը, որ վատ մաքրելու արդյունքում կարիեսային ախտընթացի զարգացման ամենատարածված հատվածը հենց ատամի կողմնային մակերեսներն են:

Էլեկտրական խոզանակ

Այսօր ատամի խոզանակների լայն ընտրության հնարավորություն կա: Ստոմատոլգիայում ընդունված է տարբերակել ատամի խոզանակի երկու տեսակ` մեխանիկական, կամ սովորական և էլեկտրական:
Ստոմատոլոգները եզրահանգում են կատարել, որ էլեկտրական խոզանակն ինքնին բազմաթիվ թերություններ ունի, իսկ երբ ճիշտ չեն օգտագործում, որը շատ հաճախ է պատահում, այն բացասական հետևանքներ կարող է ունենալ, քանի որ նման խոզանակները բավարար չափով չեն մաքրում ատամնային նստվածքները և կարիես է զարգանում:

Ուլտրաձայնային խոզանակ
Այժմ շատ հայտնի են ատամի ուլտրաձայնային խոզանակները: Նման խոզանակների ամենակարևոր հատկությունը
ուլտրաձայնային ալիքների առկայությունն է:
Ստոմատոլոգիական կլինիկայում ատամների պրոֆեսիոնալ մաքրման ժամանակ կիրառվում է նման ուլտրաձայնը, բայց ավելի
հզոր, քան ատամի ուլտրաձայնային խոզանակը: Ուլտրաձայնային ալիքների ազդեցությամբ քայքայվում են մանրէային
հանգույցները, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ հեռացնել ատամների վրայի մանրէային փառը: Բացի դրանից, նման խոզանակները տատանողական շարժումներ էլ ունեն, որի շնորհիվ, բացի ուլտրաձայնի ազդեցությունից, նաև մեխանիկական մաքրում է կատարվում: Եթե որոշել եք նման խոզանակ ձեռք բերել, խորհրդակցեք ստոմատոլոգի հետ այն ճիշտ օգտագործելու վերաբերյալ:
Իրիգատոր բերանի խոռոչի համար

Իրիգատորը ինքնատիպ ՙբերանի ցնցուղ է՚: Եվ այն մարդկանց համար, ովքեր բերանի խոռոչում տարբեր տեսակի օրթոպեդիկ կոնստրուկցիաներ, իմպլանտներ, բրեկետ-համակարգեր ունեն, այն պարտադիր է համարվում: Իրիգատորի աշխատանքի սկզբունքը հետևյալն է, այն ջրի շիթով մաքրում է սննդի մնացորդները դժվար հասանելի հատվածներից, հատկապես, միջատամնային «տարածքներից» կամրջային պրոթեզներից և այլն: Ինչպես նաև, ջրի շիթը մերսող ազդեցություն ունի լնդերի համար, լավացնելով արյան շրջանառությունը և սնուցումը: Բացի սովորական ջրից, իրիգատորի մեջ կարելի է հակասեպտիկներ ու բուժիչ լուծույթներ ավելացնել, որը նույնպես բարենպաստ ազդեցություն ունի բերանի խոռոչի փափուկ հյուսվածքի վրա:Դրա շնորհիվ, իրիգատորը ցուցված է առողջ պարօդոնտ ունեցող մարդկանց, որպես տարբեր հիվանդությունների կանխարգելման միջոց: Իրիգատորները կարող են լինել և ընտանեկան, և անհատական: Ընտանեկան սարքի առավելությունն է, որ այն հարմար է ողջ ընտանիքի համար, քանի որ մի քանի փոխվող անհատական գլխիկներ ունի:

Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա

Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան ստոմատոլոգիական առողջության երաշխիքներից մեկն է:Այժմ տվյալ
բուժգործողությունը ավելի ու ավելի է նշանակություն ձեռք բերում, քանի որ մարդիկ հասկանում են, որ ժամանակին կատարված կանխարգելումը շատ ավելի լավ է, քան ժամանակակից ու հուսալի բուժումը:Իսկ, քանի որ պրոֆեսիոնալ հիգիենան ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման գործողություններից մեկն է, գիտությունը դրան շատ ավելի ուշադրություն է դարձնում նորագույն միջոցներ ու մեթոդներ մշակելով:
Պրոֆեսիոնալ հիգիենան նշանակալիորեն տարբերվում է անհատականից: Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան կատարվում է մի քանի մեթոդներով. ուլտրաձայնով, Air-flow և Perio-flow մեթոդով, տարբեր խոզանակներով, ատամի մածուկներով, գործիքներով և այլ օժանդակ միջոցներով, օրինակ, ատամնաթելով (ֆլոսս) և այլն:
Ուլտրաձայնային սարքերի օգնությամբ կատարվում է ատամնաքարերի հեռացում, ինչպես վերլնդային, այնպես էլ ենթալնդային հատվածներում: Այդ նպատակով օգտագործում են տարբեր գլխիկներ, քանի որ այդ բուժգործողությունները առանձակի մոտեցումներ են պահանջում:
 
Air-flow և Perio-flow սարքերը նույնանման գործառույթներն ունեն: Դրանք նախատեսված են ատամնափառը հեռացնելու համար:

Հիանալի մաքրում են և փափուկ, և պինդ պիգմենտային փառը: Հատկապես լավ ու անվնաս հեռացնում են, այսպես կոչված, ծխախոտի փառը, որն իր կառուցվածքով լինում է չափազանց խիտ ու մածուցիկ:

Սարքերի գործողությունը հետևյալն է` օդի, ջրի և հատուկ հղկող փոշու շիթի նշանակալի ճնշման տակ հեռացվում է
ատամնափառը: Տարբերությունը միայն հատվածի և փոշու կազմի մեջ է: Air-flow-ով մաքրում են բացառապես վերլնդային հատվածը, իսկ Perio-flow-ով` ենթալնդային:
Air-flow և Perio-flow սարքերի օգնությամբ կատարվող բուժգործողությունները նույնպես ունեն հակացուցումներ, որոնցից են.
 

 

- շնչառական համակարգի հիվանդություններ, ասթմա,
- երիկամների հիվանդություններ և առանց աղի սննդակարգ,
- բազմաթիվ կարիեսներ,
- բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հիվանդություններ սրացման փուլում,
- պարօդոնտիտի սրացման փուլ,
- վիրուսային հիվանդություններ. օրինակ, տուբերկուլոզ, ՄԻԱՎ, հեպատիտ և այլն: