Մի քիչ պատմություն…

Ինգվար Բրանեմարկ

No one should die with their teeth sitting in a glass of water.

Բացահայտում, որը հեղափոխություն կատարեց ստոմատոլոգիայում

1965թ. Շվեդիայի Գյոթեբորգ համալսարանի հետազոտողների խմբի ղեկավարն էր պրոֆեսոր Ինգվար Բրանեմարկը, իսկ խումբը զբաղված էր հետազոտություններով, որոնք վերջնական արդյունքում հանգեցրին օստեոինտեգրացիայի երևույթի բացահայտմանը (տիտանի սերտաճումը ոսկրային հյուսվածքի մեջ): 
Բրանեմարկի հետազոտություններն ուղղված էին տրավմայից հետո ոսկրի ռեգեներացիայի և առողջացման տեսակետների ուսումնասիրությանը և, հատկանշականն այն էր, որ օստեոինտեգրացիա երևույթը (լատիներեն os – ոսկոր) լիովին պատահականորեն  բացահայտվեց: Այս երևույթի հիման վրա եզրակացություն  կատարվեց տիտանի կենսաիներտության մասին, իսկ հետագա հետազոտությունները հանգեցրին պրոթեզավորման  առավել պրոգրեսիվ համակարգի ստեղծմանը ստոմատոլոգիայի համաշխարհային ողջ պատմության մեջ:

Գիտական առաջին հետազոտությունները

Բրանեմարկը մաքուր տիտանից պատրաստված օպտիկական տեսախցիկը տեղադրեց ճագարի մեծ ոլոքի մեջ և սկսեց հետևել վիրահատական բուժգործողությանը: Նա ենթադրում էր, որ ոսկորն ապաքինման սահմանափակ հնարավորություն ունի և նույնկերպ խնամքով պետք է բուժվի, ինչպես և օրգանիզմի այլ նուրբ հյուսվածքները, ասենք, աչքը կամ գլխուղեղը: Փորձարարություններից մի քանի ամիս անց Բրանեմարկը ապացուցեց, որ ոսկրի ռեգեներացիան ոսկրի հյուսվածքի և ոսկրածուծի փոխազդեցության գործառույթն է: Մյուս կողմից, նա արձանագրեց, ի դեպ, տխրությամբ, որ տեսախցիկը, որը տեղադրվել էր ճագարի մեծ ոլոքի մեջ, դարձել էր ոսկրի կառուցվածքի անբաժանելի մասնիկը և այլևս օգտագործման ենթակա չէր, որը հետազոտությունների լրացուցիչ ծախսեր էր առաջացրել:

Առաջին պացիենտը

Մի քանի տարի անց Բրանեմարկը նկարագրեց տիտանե կառուցվածքի ոսկրի հետ սերտաճման հիմնական սկզբունքները` բաղադրատարրերի ճշգրտություն, ոսկրային հյուսվածքի նվազագույն վնասվածք, բաղադրատարրերը պետք է լիովին մանրէազերծ լինեն ինֆեկցիայից խուսափելու համար:  Հաջորդ քայլը տիտանի կենսաֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունն էր բժշկական նպատակներով կիրառելու համար: 
Առաջին պրակտիկ փորձարարությունները, երջանիկ պատահականությամբ, կատարվեցին կորցրած ատամների վերականգնման համար: Առաջին պացիենտը Գոստա Լարսոնն էր: Նա դեռ 34 տարեկանում էր կորցրել ստորին ծնոտի բոլոր ատամները, նրա քիմքը ճաքած էր, վերին ծնոտն ու կզակը տձևացել էին, իսկ ուտելիս ու խոսելիս անասելիորեն ցավ էր զգում: Լարսոնը գրեթե հաշտվել էր այդ ամենի հետ, քանի դեռ չէր լսել նոր հետազոտությնունների մասին: 
Չնայած, այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին Բրանեմարկն ու գործընկերները, դիմածնոտային վիրաբույժների և վնասվածքաբանների մեծամասնությունը չէր ընդունում, այնուամենայնիվ, Գոստա Լարսոնի համար կատարված բուժումն առաջինն էր և այն հաջող անցավ: Պացիենտին ստորին ծնոտի շարժական պրոթեզի ամրացման համար տեղադրվեց 4 իմպլանտատ: Անցկացված բուժումից հետո Լարսոնը կարողանում էր լիարժեք ծամել և նորմալ խոսել, նա այդ պրոթեզով նորմալ ապրեց մինչև իր կյանքի վերջը, 2006թ-ը: 
Առաջին իմպլանտացիայի համար բերանի խոռոչի խնդիրներով պացիենտի պատահական ընտրությունը մեկնարկային կետ դարձավ ստոմատոլոգիայում բոլորովին նոր ուղղության` իմպլանտոլոգիայի զարգացման համար: Դիմածնոտային ոլորտում անատոմիական և իմունային առանձնահատկությունները հնարավորություն տվեցին հատկապես ստորին ծնոտում իմպլանտատի սերտաճման, ինչպես նաև, դրանց երկարատև օգտագործման վերաբերյալ լավագույն կանխատեսումները կատարել:
Բացահայտումը տարածվեց ողջ աշխարհով մեկ: Այդ ժամանակներից, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Բելգիայի, Շվեդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Չիլիի, Ճապոնիայի և Կորեայի համաշխարհային համբավի տեր ինստիտուտներ միավորվեցին, մեկ թիմ կազմեցին և սկսեցին միասին ուսումնասիրել, հետազոտել օստեոինտեգրացիայի խնդիրները:
Ինչ առավելություններ ունի ատամների իմպլանտացիան

-    Վերացնել ատամնաշարի թերությունները, առանց հարևան ատամները տաշելու.
-    կարելի է ցանկացած քանակությամբ իմպլանտատ տեղադրել ատամնաշարի ցանկացած թերությունը վերացնելու համար, անկախ տեղակայումից.
-    իմպլանտների վրա տեղադրված պրոթեզները նման են իսկական ատամին, նույն խնամքն են պահանջում և զգալի չեն բերանի խոռոչում.
-    լինում են իրավիճակներ, երբ պացիենտին հնարավոր չի լինում օգնել սովորական պրոթեզավորմամբ և հարցը կարգավորվում է իմպլանտների վրա պրոթեզավորման օգնությամբ: 

Ինչպես ճիշտ ընտրել իմպլանտատը

Ժամանակակից ստոմատոլոգիան իմպլանտոլոգիական համակարգի այնպիսի լայն ընտրություն է առաջարկում, որ պացիենտները (ինչպես և բժիշկները) կարողանան հարմար ընտրություն կատարել: Ինչ չափանիշներով է պետք առաջնորդվել իմպլանտատն ընտրելիս: 

Առաջին չափանիշ` սերտաճում

Տիտանի առանձնահատկությունն  այնպիսին է, որ մարդու օրգանիզմն այն որպես օտար մարմին չի ընդունում: Օրգանիզմն այն չի վանում, ինչպես, օրինակ, օրգանների տրանսպլանտացիայի ժամանակ: Իսկ արդեն հատուկ մշակված մակերեսով, պտուտակներով իմպլանտատի մասին խոսելն ավելորդ է: Եթե, իհարկե, տեղադրելիս ակնհայտ, կոպիտ սխալներ թույլ չեն տրվել: 
Բնականաբար, և իմպլանտատը, և ատամնապսակը, և ատամնալիցքը կատարվում են նորմալ ծամել կարողանալու պարզ պատճառով, ընդ որում, դրանք տեղադրվում են որքան հնարավոր է հարմարավետ, արդյունավետ և երկարատև: Այստեղից էլ բխում է երկրորդ չափանիշը:

Երկրորդ չափանիշ` երկարատևություն

Ահա այստեղից էլ սկսվում է հիմնական տարբերությունը: Իմպլանտատի երկարատևությունը շատ բաներով կախված է իմպլանտատի միկրո- և մակրոդիզայնից: 
Միկրոդիզայնն  իմպլանտատի մակերեսի առանձնահատկությունն է: Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ իմպլանտատի միկրոծակոտկեն մակերեսը նպաստում է ավելի արագ և լիարժեք ոսկրասերտաճմանը` հարթ մակերեսի համեմատությամբ:
Մակրոդիզայնն  իմպլանտատի կառուցվածքի առանձնահատկությունն է` նրա ձևը, պտուտակի առկայությունը, իմպլանտատի գլխիկի հետ միացման եղանակը և այլն:

1.    հղկված վզիկով իմպլանտատ
2.    չհղկված վզիկով իմպլանտատ

Երրորդ չափանիշ` էսթետիկ տեսքի վերականգնում

Եթե անհրաժեշտ է փոխարինել առջևի բացակայող ատամը, ապա շատ կարևոր է, որ այն չտարբերվի հարևան ատամներից: Անթույլատրելի է, որ իմպլանտատի գլխիկը, վզիկը կամ իմպլանտատն ամբողջությամբ լնդերի տակից երևա: Իսկ դրա համար պետք է ճիշտ ընտրել ինչպես իմպլանտատը, այնպես էլ գլխիկը: Իսկ իմպլանտոլոգը պետք է էսթետիկ գլխիկի լայն ընտրության հնարավորություն ունենա` մետաղակերամիկական, կերամիկական, ցիրկոնիում և այլն:

Չորրորդ չափանիշ` տեղադրելու հնարավորություն բարդ դեպքերում

Շատ հաճախ իմպլանտատ տեղադրելու համար ոսկորը չի բավականացնում: Նման դեպքերում  հարկ է դիմել ոսկրային պլաստիկայի տարբեր մեթոդների: Ոսկրային պլաստիկայի և իմպլանտացիայի մեթոդների զուգադրումը մեկ վիրահատությամբ շատ մեծ առավելություն է: Օրինակ, վերին ծնոտի ոսկրի բարձրությունը ընդամենը 4 մմ է, որը բավական չէ իմպլանտատի տեղադրման համար` առանց նախապես ոսկրային պլաստիկա կատարելու: Դասական մեթոդի դեպքում սկզբից ոսկրային պլաստիկա է կատարվում (սինուս-լիֆթինգ), և միայն 3-6 ամիս հետո իմպլանտացիա: Հաշվի առնելով, որ վերին ծնոտում իմպլանտատի սերտաճման ժամկետը 3-4 ամիս է, ապա ողջ բուժումը մի ողջ տարի կձգվի: Իսկ եթե միկրոպտուտակով վզիկով իմպլանտատ օգտագործվի, ապա այն կարելի է տեղադրել սինուս-լիֆթինգի հետ միասին: Առաջնային  ամրացումը և կայունացումը տեղի է ունենում 4մմ հաստության ոսկրի բարձրության հաշվին, իմպլանտատը պահվում է միայն վզիկի պտուտակով, իսկ իմպլանտատի մնացած հատվածի շուրջբոլորը հետագայում  ոսկոր է ձևավորվում: Այսպիսով, երկու վիրահատության փոխարեն միայն մեկն է կատարվում, իսկ բուժման տևողությունը նվազում է 2 անգամ:
Սովորական հաջորդականությունն է` բաց սինուս-լիֆթինգ, 4-6 ամիս հետո իմպլանտատի տեղադրում, 4-6 ամիս հետո պրոթեզավորում (արդյունքում` 8 ամսից մինչև 1 տարի): 
Միաժամանակյա իմպլանտացիա-պրոթեզավորումը հնարավոր է արդեն 4 ամիս անց (առավելագույնը` 6 ամիս):