Շատերը, հավանաբար, չեն էլ հիշում այն ժամանակները, երբ մարդը վախենում էր գնալ ստոմատոլոգի մոտ միայն այն
պատճառով, որ վախենում էր ցավից: Արդեն անցել են այն ժամանակները, երբ ստոմատոլոգն ատամը հեռացնում կամ
լիցք էր կատարում (պլոմբ) առանց անզգայացման: Չնայած կան մարդիկ, ովքեր ՙհերոսաբար՚ հայտարարում են բժշկին,
թե ոչ մի անզգայացում էլ իրենց պետք չէ, այնուամենայնիվ, շատերը վախենում են ոչ թե ինքնին բուժումից, այլ նաև
անզգայացման պրոցեսից:
Այսօր արդեն ստոմատոլոգիայում անզգայացումը (ցավազրկումը) միջոցների մի ողջ զինանոց ունի: Ամենագլխավոր
փոփոխությունը, հավանաբար, այս ոլորտում նոր սարքավորումներն են: Հիշեք, թե ինչ ձայնով էր աշխատում
ստոմատոլոգի բոր-մեքենան, որը լսելի էր նույնիսկ պոլիկլինիկայի միջանցքներում: Այժմ դրանց փոխարինելու են
եկել ժամանակակից լազերային սարքավորումները, որոնք աշխատում են անաղմուկ և հնարավորություն են տալիս
առանց ցավի մշակել ատամի կարիեսային խոռոչը: